Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել է, որ թեև ընտրական հանցագործությունների բացահայտման 100 տոկոս ցուցանիշ չի գրանցվել, սակայն կոմիտեն արդյունավետ աշխատանք է իրականացրել։
Ազգային ժողովում նա նշել է, որ ներկայում կոմիտեում աշխատում է 72 քննիչ և 78 օպերատիվ-հետախուզական ծառայող, մինչդեռ շուրջ 60 հաստիք շարունակում է թափուր մնալ։
«Այս պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է ավելի քան 100 բացահայտում և քննել շուրջ 115 քրեական վարույթ։ Առաջիկայում կունենանք նաև նոր բացահայտումներ»,- ասել է Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, և արդեն կան բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հրապարակվել։
«Առաջիկայում իրականացվելու են խուզարկություններ, ձերբակալություններ և քրեական հետապնդումներ։ Եթե նույնիսկ տարիներ անց ստանանք ընտրական կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, դրանք կստուգենք և անհրաժեշտության դեպքում կհարուցվեն քրեական վարույթներ»,- նշել է նա։
Նահապետյանը հիշեցրել է նաև Վաղարշապատի ընտրություններից հետո արձանագրված ընտրակաշառքի գործերը՝ ընդգծելով, որ նմանատիպ բացահայտումներ ակնկալվում են նաև այս ընտրությունների արդյունքներով։



















