Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ շուտով որոշում կկայացնի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի վերաբերյալ՝ չնայած Կոնգրեսի կողմից գործող արգելքին։Այս մասին հայտնում է CNN -ը:
«Մենք հիանալի ընկերներ ենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Թուրքիան այնպիսի երկիր է, որի հետ պետք է հաշվի նստել։ «Մեր հարաբերությունների շնորհիվ ամեն ինչ շատ լավ է ընթանում», – նշել է նա։
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի՝ վաճառե՞լ Թուրքիային F-35 կործանիչներ, թե՞ ոչ՝ չնայած Կոնգրեսի սահմանած արգելքին։ Նա հավելել է, որ մտադիր է վերացնել Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ձեռքբերման պատճառով։
«Մենք Թուրքիայի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունենք, և Թուրքիան բազմաթիվ առումներով ավելի հավատարիմ է եղել, քան որոշ երկրներ, որոնցից մենք ակնկալում էինք նման վերաբերմունք», – ասել է Թրամփը։



















