Ղազախստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախկին նախագահական ժամկետները չեն հաշվարկվում։ Այսպիսով, նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
DW-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանը նման մեկնաբանություն է տվել հենց Տոկաևի դիմումի հիման վրա։ Դատարանի որոշումից հետևում է, որ նոր Սահմանադրության ընդունումը ստեղծում է նոր իրավական հիմք, և նախկինում զբաղեցրած նախագահական ժամկետները չեն սահմանափակում գործող նախագահի առաջադրվելու հնարավորությունը։
Տոկաևը Ղազախստանը ղեկավարում է 2019 թվականից՝ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո։ Նախորդ սահմանադրական կարգավորմամբ նրա գործող յոթնամյա ժամկետը պետք է լիներ վերջինը և ավարտվեր 2029 թվականին։
Նոր Սահմանադրությունը Ղազախստանում ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ Այն փոխարինել է 1995 թվականի Սահմանադրությանը, որը գործում էր ավելի քան 30 տարի։ Սահմանադրական փոփոխությունները հաստատվել էին մարտի 15-ին անցկացված հանրաքվեով։
Դատարանի որոշումը փաստացի բացում է Տոկաևի համար նոր նախագահական ժամկետի առաջադրվելու հնարավորություն՝ չնայած նախկինում հայտարարված սահմանափակմանը, որ մեկ անձը կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը միայն մեկ յոթնամյա ժամկետով։



















