«Վիտամիններով հարուստ սննդի փոխարեն մարդիկ սկսել են շատ սպառել հաց, մակարոն, կարտոֆիլ». ի՞նչ հետևանքների է բերում գնաճը․ Մելիտա Հակոբյան

Milita Hakobyan

Հայաստանում սննդամթերքի գների աճի հետևանքով մարդիկ հաճախ չեն կարողանում գնել վիտամիններով հարուստ սնունդ, սկսում են ավելի շատ սպառել ածխաջրածիններով հարուստ մթերք, իսկ դա հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման ու զարգացման։

Այս խնդրին «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է Սպառողների ազգային ասոցիացիայի և «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Գնաճի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բազմազան սննդամթերքից, դա կլինի կաթնամթերք, մսամթերք, ձու, թռչնամիս, բանջարեղեն ու միրգ, այսինքն՝ օրգանիզմը չի հագենում վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով։

Ի՞նչ է կատարվում այդ դեպքում մեր օրգանիզմում. մենք ավելի շատ օգտագործում ենք ածխաջրածիններ, այսինքն՝ հաց, մակարոն, կարտոֆիլ և այլն, օրգանիզմում ունենում ենք դիսբալանս և նյութափոխանակության խանգարում, որից էլ առաջանում են տարբեր հիվանդություններ։ Հետո ասում են՝ բա այդ հիվանդությունները ո՞նց առաջացան»,- «Մեդիալաբին» ասում է Մելիտա Հակոբյանը։

Մասնագետի խոսքով՝ այս պրոցեսը Հայաստանում նկատվել էր դեռևս 1990-ական թվականներից։ Ինչ-որ ժամանակահատված այդ իրավիճակը շտկվել էր, և Մելիտա Հակոբյանի խոսքով՝ տեսանելի է, որ վերջին շրջանում այդ խնդիրը դարձյալ սրվում է։ 

Այս շրջանում, երբ կորոնավիրուսի համավարակ է երկրում, Մելիտա Հակոբյանի խոսքով՝ մարդիկ պետք է վիտամիններով հարուստ մթերք օգտագործեն՝ բանջարեղեն, միրգ։ Եվ գնաճի պայմաններում մարդիկ միշտ չէ, որ կարող են իրենց դա թույլ տալ։

«Դրան գումարվում է այն, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում դեղերն էլ են թանկացել։ Եվ բնակչությունն իր ունեցած-չունեցածն օգտագործում է դեղերի վրա։ Երբ կորոնավիրուսով հիվանդը տանն է բուժվում, այսօր ամեն հիվանդի համար մոտավորապես 300-350 հազարի չափ գումար է հարկավոր։ Ով այդ հնարավորությունը չունի, մենք արդեն գիտենք հետևանքները»,- ասում է նա։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. փետրվարը 2020 թ. փետրվարի նկատմամբ, կազմել է 5.3 տոկոս։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7.8 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը՝ 8.7 տոկոսով, հագուստի ու կոշիկի գները՝ 5.2 տոկոսով։

Մելիտա Հակոբյանն ասում է՝ եթե Հայաստանում արտադրված ապրանքներն են թանկանում, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում ներկրված ապրանքների հետ, դա ոչ օրինաչափ է։

«Օրինաչափություն հնարավոր է լինի ներկրված ապրանքների առումով, օրինակ՝ երշիկեղենի, մսամթերքի արտադրության մեջ օգտագործվող հումքը ներկրվում է։ Նրանց մոտ ինչ-որ չափով հիմնավորված գնաճ կարող է լինել՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»,- ասում է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե արտադրողը կամ ներկրողը որևէ ապրանք թանկացնում է, անպայման պետք է հիմնավորի, թե ինչի՛ հիման վրա է այդ ապրանքը թանկացրել։ «Մենք երբեք ոչ մի հիմնավորում չենք լսում, միայն լսում ենք, որ թանկացել է՝ 3 տոկոսով, 5 տոկոսով, 10 տոկոսով։

Միջին գնաճն է 5 տոկոս, բայց կան ապրանքներ, որ 10, 15, 20 և ավելի տոկոսով են թանկացել, ինչի՞ մասին է խոսքը։

Օրինակ՝ դա վերաբերում է ձեթին, կարագին, ձվին և այլն։ Մեզ մոտ միայն միսը չի թանկացել, դա էլ պայմանավորված է նրանով, որ Արցախից Հայաստան տեղափոխած կենդանիներ շատ են մորթում, կամ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներն են մորթ իրականացնում՝ արոտավայրերը կորցնելու պատճառով»,- հավելում է մասնագետը։

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ տնտեսվարողները պետք է պետությանը ներկայացնեն ու հիմնավորեն, թե ինչի՛ հիման վրա է տվյալ ապրանքը թանկացել։ Իսկ պետությունն այդ դեպքում պետք է կատարի ինդեքսացիա։

«Այսինքն՝ եթե սպառողը, հասարակ քաղաքացին, ինչ-որ չափով տուժել է գնաճի պատճառով, պետք է կատարվի թոշակների, աշխատավարձերի ինդեքսացիա։ Այսինքն՝ պետք է բարձրացվեն այդ վճարները, ինչպես Ռուսաստանում տարին մի քանի անգամ իրականացվում է։

Պետությունն այդ հոգածությունը պետք է իր վրա վերցնի, որպեսզի հասարակ սպառողն այնքան էլ չտուժի»,- ասում է Հակոբյանը։

Ըստ մասնագետի՝ առանց այն էլ կորոնավիրուսի հավարակի պատճառով մարդկանց վիճակը լավ չէ։ Մի կողմից առողջապահական խնդիրներ են, մյուս կողմից՝ տնտեսական։ Հետևաբար, գնաճի բարձրացմանը զուգահեռ պետք է նաև մարդկանց եկամուտներն ավելացվեն։

Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պարագայում մարդիկ հացամթերք շատ են օգտագործում։ Մելիտա Հակոբյանն անդրադառնում է նաև հացի քաշի խնդրին։

«Հացի քաշը պակասեցնում են, գինը թողնում են նույնը, մարդիկ այդ հարցին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Եվ ստացվում է, որ եթե մարդը օրական գնում էր երեք հաց, և ընտանիքը դրանով բավարարվում էր, հիմա պետք է գնի հինգ հաց, որպեսզի բավականացնի»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am