«Հայաստանում ընդհանրապես կրթությունը խրախուսելու, երկիրը չլքելու նպատակային քաղաքականություն չի վարվել». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի տվյալների, ամբողջ աշխարհում ամենաբարձր տեղն է զբաղեցնում 15-29 տարեկան երիտասարդների շրջանում կրթություն, հետաքրքրություն ու աշխատանք չունենալու ցուցանիշներով, ու որ երիտասարդների մեծ մասը լքում է երկիրը:

– Մեր ընդհանուր ազգային-ավանդական դրվածքը դեռևս խորհրդային շրջանից եղել է այնպիսին, որ դու պետք է միջնակարգ կրթություն ստանաս ու գնաս ավելի լավ տեղ: Այդ տարիներին այդ լավ տեղը Մոսկվան էր, իսկ հիմա շրջանակն ընդլայնվել է: Այսինքն՝ մենք միշտ ունեցել ենք այդ դրվածքը, որ պետք է ձգտենք Հայաստանից դուրս գնալ, ու այդպես պետք է անեն հատկապես, այսպես ասած, կրթված մարդիկ:

Իհարկե, այս միտումը վերջին տասնամյակներին էլ ավելի խորացավ, որովհետև աշխարհն ավելի բաց դարձավ, հնարավորությունները մեծացան, իսկ Հայաստանն այդ ամեն ինչին համընթաց չզարգացավ: Ստացվում է այնպես, որ հնարավորություններ, գիտելիքներ, կարողություններ ունեցող մարդիկ մտածում են Հայաստանը լքելու մասին:

Մենք և՛ Հայաստանում մնալու, աշխատելու քարոզչությունը չենք տանում, և՛ պայմանները չենք ստեղծում, որովհետև միայն քարոզչությամբ էլ չի լինի, եթե մարդիկ տեսնում են, որ երկրի պայմանները բավարար չեն, լքում են այն: Հիմնական խնդիրն այս է, ու դա միայն Հայաստանին բնորոշ չէ:

Այդ միգրացիոն հոսքերը կան բոլոր տեղերում, այսինքն՝ միշտ ավելի քիչ զարգացած երկրներից գնում են ավելի զարգացած երկրներ, ու այդ նույն տրամաբանությամբ էլ, ի դեպ, Հայաստանում հիմա բնակվելու են եկել Իրանից, Հնդկաստանից, Պակիստանից, Ֆիլիպիններից, այսինքն՝ մարդիկ միշտ փորձում են ձգտել դեպի իրենցից ավելի զարգացած երկրներ:

– Իսկ մարդկանց այն խումբը, որը մեր երկրում էլ ունի կրթություն ստանալու, աշխատելու հնարավորություն, ինչո՞ւ չի ձգտում դրան:

– Այնպես չէ, որ այդ խումբն էլ չի ուզում լքել Հայաստանը, եթե դուք այսօր գյուղերում շատ երիտասարդների հարցնեք՝ ի՞նչ է ուզում դառնալ, ի՞նչ երազանք ունի, զգալի մասն ասելու է՝ ուզում է գնալ խոպան, այսինքն՝ գյուղերում էլ այդ արտագնա աշխատանքի գնալու գործոնը կա, որով իրենք նմանակում են իրենց ծնողներին, պապիկներին, հարևաններին:

Բայց այդ իմաստով, գուցե ցավալի բան եմ ասում, հնարավորությունների սահմանափակ լինելն է շատերին պահում Հայաստանում, որովհետև մենք այդպիսի խոսք ունենք, չէ՞, որ ասում են՝ ով հնարավորություն ունի՝ գնում է: Երբեմն բարձրագույն կրթությունը, գերկրթությունը նպաստում են, որ մարդիկ թողնեն գնան երկրից՝ գտնելով ավելի լավ հնարավորություններ:

– Պարո՛ն Խաչատրյան, պետական մակարդակով ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ մարդկանց մեջ հետաքրքրություն արթնանա թե՛ կրթության, թե՛ աշխատանքի և թե՛ իրենց երկրում ապրելու հանդեպ:

– Պետք է հետևողական աշխատանք տանել, պայմաններ ստեղծել, այդ մարդկանց պետք է ինչ-որ ձևով հրավիրել, եթե մարդիկ գնում են դրսում սովորելու, նրանց այնպիսի պայմաններ առաջարկել, որ նրանք գերադասեն Հայաստան վերադառնալ: Ոչ բոլորն են զուտ հայրենասիրական մղումներով առաջնորդվում, շատ հաճախ մարդիկ առաջնորդվում են կյանքի լավ պայմաններով:

Հայաստանը չունի՞ այդ պայմանների ստեղծման պոտենցիալ, թե՞ պատկան մարմինները չունեն դրանք ստեղծելու ցանկություն:

– Հիմնականում չունի, բայց եղած պայմաններում էլ կարելի է առավելագույնն անել: Մենք գիտենք, որ կան նաև մարդիկ, որոնք լքում են երկիրը, որովհետև իրենց երկրում անտեսվում են, չեն գնահատվում, ոչ թե որ պայման չկա Հայաստանում, ուղղակի իրենց աշխատանքը, տաղանդը չեն գնահատվում:

Շատ մարդիկ էլ կուզեն Հայաստան գալ, եթե վստահ լինեն, որ իրենց հանդեպ կլինի ավելի դրական ու ուշադիր վերաբերմունք: Որոշակի նպատակային քաղաքականությամբ կարելի է իրավիճակը փոքր չափով բարելավել, բայց գլոբալ առումով դրա համար պետք է տնտեսական զարգացում:

Եթե դիտարկեք վերջին տարիներին արված աշխատանքները, քանի՞ տարի է՝ ինչ Հայաստանում ձեր նշած նպատակային քաղաքականությունը չի տարվում:

– Ընդհանրապես չի տարվել, որովհետև որտե՞ղ եք տեսել, որ Հայաստանը դրսում սովորողների համար ինչ-որ պայմաններ ստեղծի: Մի ծրագիր կա ընդամենը՝ «իԳործ»-ը, որի շրջանակներում սփյուռքից որոշ մարդիկ են գալիս: Կան միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք այդպիսի ինչ-որ կամավորական ծրագրերով փորձում են ինչ-որ բան անել:

Մենք այսօր Հայաստանում ունենք սփյուռքահայեր, որոնք ԱՄՆ-ից, այլ երկրներից եկել, Հայաստանում են ապրում, բայց նրանց թիվն այնքան քիչ է, որ Հայաստանը լքողների թվի հետ ուղղակի համադրելի չէ:

Պարո՛ն Խաչատրյան, եթե այդ նպատակային քաղաքականությունը Հայաստանում շարունակի չվարվել, առաջիկա տարիներին ի՞նչ պատկեր ենք ունենալու թե՛ արտագաղթի մասով, թե՛ կրթված ու աշխատանքի ձգտող քաղաքացիների մասով:

– Բնականաբար, կփոխվի Հայաստանի ժողովրդագրական պատկերը, այսինքն՝ բնակչության թիվը կշարունակի նվազել, արտագաղթը կավելանա, ու կլինի որոշակի ներգաղթ այլ երկրներից, և, արդեն նշեցի, որ ինչ-որ իմաստով բալանսը կարող է փոխվել:

Ցավալի հանգամանքներից է այն, որ Հայաստանի բնակչության շատ մեծ մասը, հատկապես՝ երիտասարդները, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, ու այդ մասին կան նույնիսկ սոցիոլոգիական հարցումներ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am