«Դավիթը որ երկու օր չզանգեց, ես սկսեցի մարել»․ «Արցախի հերոսը» խոցել է 15 տանկ և 1 մարտական մեքենա

«Դավիթը որ երկու օր չզանգեց, ես սկսեցի մարել, օր օրի մարում էի, շատ-շատերն արդեն իմացել էին, ինձ չէին ասում»,- հուզմունքով պատմում է «Արցախի հերոս» բարձր կոչմանն արժանացած և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված 20-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Սուսան Ավագյանը։ 

Դավիթը 44-օրյա պատերազմի ժամանակ Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, որի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ 

«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակության արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Մայրը՝ Սուսան Ավագյանը, ասում է, որ պատահաբար Ֆեյսբուքից է տեղեկացել, որ որդին կոչման է արժանացել։ Տղան իրեն հատուկ զսպվածությամբ և համեստությամբ ընտանիքի անդամներին չէր տեղեկացրել ո՛չ առաջնագծում լինելու, ո՛չ խոցած տանկերի, ո՛չ էլ ստացած կոչման մասին։

«Հոկտեմբերի 4-ին որ ասեցին Դավիթը Արցախի հերոսի կոչում է ստացել, ես էդ պահին զգացի կորցնելու վախը, ինձ թվում էր՝ պետք է ասեն հետմահու, բայց ասեցին՝ շարունակում ա ծառայությունը։

Մի փոքր հանգստացա, բայց էդ պահից հասկացա, որ ինքն առաջնագծում ա ու շատ թեժ կետերում ա։ Իրիկունը Դավիթս զանգեց, մեր տանն էնքան մարդ կար, ասեցի՝ իմ հերո՜ս բալա… Իրա բնավորության համաձայն՝ հանգիստ ասեց՝ մա՛մ, լսե՞լ ես, ասեցի՝ լսել եմ, ամբողջ Հայաստանը մեր տուն ա եկել, ասեց՝ մա՛մ, լավ, վերջացրե՛ք, իմ գործն ա՝ արել եմ»։

20-ամյա Դավիթը կոչումը ստանալուց հետո ևս մեկ ամիս եղել է թեժ կետերում, պայքար մղել հակառակորդի դեմ, նոյեմբերի 2-ին զոհվել «Բայրաքթարի» հարվածից։

«Տղայիս ընկերներն ասում են՝ իրան կոչում էին տվել, ինքը շարունակում էր տանկ խփել, իր մոտ ոչ մի միմիկա չփոխվեց, չգոռոզացավ։

Մինչև անգամ իր հետի մարտկոցի տղերքից մեկին, որը զոհվել է իր հետ, ասել էր՝ ես կհաշվեմ, դու խփի, որ միասին կոչումով գնանք տուն, դու էլ կոչում ստանաս, էդ տիպի տղա էր»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է որդեկորույս մայրը։

Որդու զոհվելու մասին իմանալուց հետո մայրն ասում է՝ կյանքը կանգ է առել․ «Դրանից հետո էլ ի՞նչ կյանք, կյանք չկար»։

Դավիթի մարտական ընկերը, որը դեպքի պահին նրա հետ է եղել և ծանր վիրավորում ստացել, Դավիթի ծնողներին պատմել է որոշ մանրամասներ․

«Ճարտարի դիրքերից մեկում են եղել, վայրկյաններ ա տևել, ընդամենը մի վայրկյան լույսը տեսել են ու վերջ։ Ինքն ու Դավիթս միասին կանգնած են եղել, մինչև հիմա այդ տղան ինքը չի հասկանում, թե ոնց, որովհետև ասում ա՝ նույն տեղում կանգնած խոսում էինք»։

Դավիթ Գրիգորյանը ընտանիքի միակ որդին էր, շատ մեծ կարևորություն էր տալիս կրթությանը, մոր խոսքով՝ որդին յուրաքանչյուր վայրկյանն օգտագործում էր կրթության համար։ Շատ լավ տիրապետում էր բոլոր առարկաներին, դպրոցում սովորելիս ստացել է գովասանագրեր՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ 

2010-ին «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթում գրավել է առաջին տեղը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ 

Դավիթը հետաքրքրություն և մեծ սեր ուներ նաև տարբեր մարզաձևերի հանդեպ, մասնակցել է մրցումների և գրավել պատվավոր տեղեր։ 

Մայրն ասում է՝ որդին հատկապես շատ էր սիրում շախմատը։ 2011-ին շախմատի մարզային առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, 2012-ին Վրաստանում մասնակցել է շախմատի 7-րդ միջազգային մրցաշարին։ 2011-ին շախմատից ստացել է 2-րդ կարգ։

«Դավիթը ժամանակ չուներ ո՛չ ընկերների հետ կանգնելու, ո՛չ փողոցում կանգնելու, ամեն րոպեն օգտագործում էր կրթության համար, ցանկացած առարկա, ցանկացած ուղղվածություն՝ ինքը խնդիր չուներ որևէ առարկայի, ու ինքնուրույն էր անում»,- ասում է մայրը։

Դավիթը երբեք պլանների մասին նախապես չէր պատմում, սիրում էր գործով ցույց տալ։ Համալսարան ընդունվելու մասին էլ ծնողները կայքից են տեղեկացել․ «Մինչև տեսանելի չէր, մենք չէինք իմանում»։

Մոր խոսքով՝ Դավիթը նաև չափից դուրս պատասխանատու էր և ամեն ինչ անում էր, որ երբեք չհիասթափեցնի․ «Որ մեր դպրոցի (Սարդարապատի միջնակարգ դպրոց) «Կենգուրու» մրցույթում հաղթեց, դասատուներն ասում էին՝ Դա՛վ, մենք քեզ հետ կապված մեծ հույսեր ունենք, էդ իրան հերիք էր, ինքն ամեն ինչ անում էր, որ դասատուն հանկարծ չզղջա էդ ասելու համար»,- պատմում է մայրը։

Մայրն անընդհատ ապրում է Դավիթի մասին հուշերով, ասում է՝ լուսանկարներ ու ալբոմներ չի թերթում, ամեն վայրկյանը, յուրաքանչյուրը պահը շարունակ աչքի առաջ են։

«Իրա ծնված օրվանից ամեն օրը՝ 24 ժամ, ֆիլմի պես անցնում ա աչքիս առաջով։ Ամեն վայրկյան զգում եմ իր ներկայությունը, երբ գնում եմ անկյունի մոտ, ասում եմ՝ ի՞նչ եմ եկել, էստեղ կանգնել, ինքն իմ մոտ ա»,- ասում է մայրը։

Սուսանն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը գլխիվայր շրջվել է, ապրելու ուժ երևի հենց որդին է տալիս։ 

«Ասում են՝ պիտի ապրես Դավի համար, ես նաև երկու աղջիկ ունեմ, երևի Դավիթն ինքն ա ինձ ուժ տալիս, ինքը չէր սիրում, որ ես տխուր էի, լացում էի»,- կսկիծով ասում է մայրն ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am