Իսպանիայի Անդալուզիայի ինքնավար համայնքի ղեկավար Խուանմա Մորենոն հայտնել է, որ տարածաշրջանում բռնկված անտառային հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած։
Տեղական մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ նախնական տվյալներով զոհերից չորսը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են հարյուրավոր փրկարարներ։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման գծի վնասվելու հետևանքով, ապա արագ տարածվել հարակից անտառային տարածքներով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ փակվել են մի շարք ճանապարհներ, տարհանվել է շուրջ 1000 բնակիչ։
BBC-ն հայտնում է, որ Հարավային Եվրոպայում շարունակվող մինչև 40°C շոգը այս ամռանը բազմաթիվ անտառային հրդեհների պատճառ է դարձել։
Խոշոր հրդեհների դեմ հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել նաև Ֆրանսիայում և Պորտուգալիայում, իսկ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։



















