Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը կարևոր ներդրում ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։
Այս մասին նա ասել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Report.az-ը։
Ալիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից և Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել։
«Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում, հատկապես հաշվի առնելով, որ ներկայում նավթամթերքի արտահանման և ներմուծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ բեռների փոխադրումը լայն ծավալ է ստացել, և մինչ այժմ այդ ճանապարհով ավելի քան 40 հազար տոննա բեռ է տեղափոխվել։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել և դրական պատասխան ստացել՝ բարձր գնահատելով նաև Գերմանիայի կառավարության դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։



















