Ադրբեջանի դատարանը դատավճիռ է կայացրել անկախ Toplum TV լրատվամիջոցի ինը լրագրողների և աշխատակիցների նկատմամբ։ Լրատվամիջոցը հայտնի է երկրում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Մեղադրյալներին դատապարտել են երկարատև ազատազրկման՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով, թեև նման խիստ պատիժներ Ադրբեջանում սովորաբար կիրառվում են պետական դավաճանության գործերով։Այս մասին հայտնում է ռուսական BBC-ն:
Toplum TV-ի համահիմնադիրներ Աքիֆ Գուրբանովը և Ռուսլան Իզեթլին դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Տեսանյութերի խմբագիր Մուշֆիգ Ջաբարովը, ինչպես նաև նախագծերի համակարգողներ Իլքին Ամրահովը և Ռամիլ Բաբաևը ստացել են 13-ական տարվա ազատազրկում։ Լրագրողների վերապատրաստմամբ զբաղվող Ալի Զեյնալովը և Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլին դատապարտվել են 14 տարվա, իսկ լրագրող Ֆարիդ Իսմայիլովն ու սոցիալական մեդիայի մենեջեր Էլմիր Աբասովը՝ 12-ական տարվա ազատազրկման։
Նշվում է, որ մեդիա իրավունքի ոլորտում հայտնի իրավաբան Ալեսքեր Մամեդլին ծանր հիվանդ է։
Toplum TV-ն հայտնի է Ադրբեջանի նախարարություններում, պաշտոնյաների և նրանց ընտանիքների շրջանում կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ իր հետաքննություններով։ Լրատվամիջոցը նաև լուսաբանում է երկրի տնտեսական վիճակը, գրաքննության դրսևորումները և սոցիալական խնդիրները։
Լրատվամիջոցը շարունակում է գործել նոր խմբագրական կազմով՝ պահպանելով իր կայքն ու YouTube-ի ալիքը, որն ունի շուրջ 100 հազար բաժանորդ։
2024 թվականի մարտին Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկել և կնքել էր Toplum TV-ի գրասենյակը, իսկ խմբագրության գրեթե ողջ կազմը ձերբակալվել էր։
Իշխանությունները մեղադրանքները հիմնավորել են 2022 թվականին ընդունված ԶԼՄ-ների մասին օրենքով, որն ամբողջությամբ արգելում է արտասահմանյան ֆինանսավորումը Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Այդ օրենքի հիման վրա խմբագրության աշխատակիցներին, ինչպես նաև մի շարք այլ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների, մեղադրանք է առաջադրվել փողի մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրության, դրամական միջոցների լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր ընդունած բանաձևերից մեկում Toplum TV-ի լրագրողների նկատմամբ հետապնդումները բնութագրել է որպես Ադրբեջանում «քննադատական ձայների լռեցման» փորձ։



















