Ուկրաինան վերջին շաբաթներին անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի մի շարք պահեստների և լոգիստիկ կենտրոնների։ Ուկրաինական կողմը դրանք ռազմական նշանակության թիրախ է համարում՝ պնդելով, որ հարթակի միջոցով վաճառվում և առաքվում են նաև ռուսական բանակի համար նախատեսված հանդերձանք, անօդաչուներ ու դրանց բաղադրիչներ։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Wildberries-ը Ռուսաստանի առցանց առևտրի խոշորագույն ընկերությունն է, որի կենտրոնացված պահեստային համակարգի խափանումը կարող է ուշացնել ապրանքների առաքումը, ծանրաբեռնել մյուս պահեստները և մեծացնել ընկերության ու վաճառողների ծախսերը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարվածների ենթարկված կենտրոններն օգտագործվել են ռուսական բանակին անօդաչուների բաղադրիչներ, նավիգացիոն սարքավորումներ և այլ ռազմական նշանակության ապրանքներ մատակարարելու համար։ Wildberries-ում վաճառվում են նաև զրահաբաճկոններ, տակտիկական հանդերձանք, կապի միջոցներ և երկակի նշանակության այլ ապրանքներ։
DW-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան այս գործողություններով փորձում է ոչ միայն դժվարացնել ռուսական բանակի մատակարարումները, այլև վնասել Ռուսաստանի ներքին լոգիստիկ համակարգը և պատերազմի հետևանքներն ավելի տեսանելի դարձնել երկրի բնակչության համար։
Միաժամանակ փորձագետները Wildberries-ի արագ փլուզում չեն կանխատեսում։ Ընկերությունն ունի հարյուրավոր պահեստներ և կարող է բեռների մի մասը տեղափոխել այլ կենտրոններ։ Սակայն շարունակական հարվածները կարող են առաջացնել առաքումների ուշացումներ, ապրանքների պակաս և գների բարձրացում։
Խնդիրների մեծ մասը կարող է ընկնել նաև Wildberries-ի միջոցով ապրանք վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա։ Հրդեհների հետևանքով նրանց պահեստավորված ապրանքները ոչնչանում են, մինչդեռ ընկերությունը փորձում է անօդաչուների հարվածները դասել «ֆորսմաժորային» դեպքերի շարքին և սահմանափակել փոխհատուցումները։
Փորձագետների գնահատմամբ՝ առանձին հարվածները Ռուսաստանի տնտեսությունը չեն կաթվածահար անի, սակայն երկարատև արշավը կարող է աստիճանաբար թուլացնել կենտրոնացված առևտրային և մատակարարման համակարգի արդյունավետությունը՝ միաժամանակ բարձրացնելով բիզնեսի ծախսերն ու սպառողական գները։



















