Թրամփը հայտարարել է Իրանի հետ «լավ» բանակցությունների մասին և նոր սպառնալիք հնչեցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին ամբողջ օրվա ընթացքում Իրանի հետ «լավ» բանակցություններ են անցկացվել։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում ԱՄՆ զինված ուժերը շատ ուժեղ հարված կհասցնեն Իրանին։

Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք շատ լավ քննարկումներ ենք անցկացրել։ Նրանք չեն ցանկանում դա խոստովանել»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «Նեղուցը շատ շուտով կբացվի։ Եթե նրանք կրկին նահանջեն, ապա շատ ուժեղ հարված կստանան»։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, և ընդգծել, որ ինքը բավարար ժամանակ ունի բանակցությունները շարունակելու համար։

Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Նա հավելել է, որ ամենածանր հարվածը դեռ առջևում է, սակայն Վաշինգտոնը հույս ունի, որ ստիպված չի լինի դիմել այդ քայլին։