Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա ավագ որդուն՝ Ախմատ Կադիրովին, շնորհվել է հանրապետության բարձրագույն պետական պարգևը՝ «Չեչնիայի Հանրապետության հերոս» կոչումը։ Պարգևը նրան շնորհել է հայրը՝ «Չեչնիային անձնական ծառայությունների» և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Ինչպես գրում է OC Media-ն, Ախմատ Կադիրովը 2024 թվականի մայիսից ղեկավարում է Չեչնիայի սպորտի նախարարությունը, իսկ 2026 թվականի փետրվարին նշանակվել է նաև կառավարության փոխնախագահ՝ կրթության ոլորտի պատասխանատու։
«Չեչնիայի Հանրապետության հերոս» կոչումը սահմանվել է 2022 թվականի նոյեմբերին և համարվում է հանրապետության բարձրագույն պետական պարգևը։ Դրա առաջին ստացողը հենց Ռամզան Կադիրովն էր՝ 2022 թվականի դեկտեմբերին։
Ախմատ Կադիրովը վերջին տարիներին մի շարք այլ պարգևների ևս արժանացել է։ 2024 թվականին նրան շնորհվել է Ախմատ Կադիրովի շքանշանը, իսկ 2025-ին նա դարձել է Գրոզնիի պատվավոր քաղաքացի՝ սպորտի զարգացման գործում ներդրման համար։ 2026 թվականի փետրվարին նա ստացել է Նիկոլայ Օզերովի մեդալ, իսկ մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհակալագիր է տվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած ծառայությունների համար։
Ախմատի կրտսեր եղբայրը՝ Ադամ Կադիրովը, «Չեչնիայի հերոս» կոչումն արդեն երկու անգամ է ստացել՝ առաջին անգամ 2023 թվականին՝ 15 տարեկանում, երկրորդ անգամ՝ 2026 թվականի հունիսին։ Երկու դեպքում էլ հրամանագիրը ստորագրել է Ռամզան Կադիրովը։



















