Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, այդ թվում՝ Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ նրա խոսքերին. «Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը»։
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հնացած է և, իր գնահատմամբ, «վտանգի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ հայկական ատոմակայանը «վաղ թե ուշ պետք է փակվի»։
Հայրապետյանի գնահատմամբ՝ Ալիևի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտություն են և հակասում են ոչ միայն խաղաղության մասին խոսույթին, այլև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի դրույթներին։
«Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը»,- գրել է ադրբեջանագետը։
Նրա խոսքով՝ խաղաղության անվան ներքո տեղի է ունենում Հայաստանի «ֆինլանդիզացիայի» գործընթաց։
«Եթե ժամանակին Ֆինլանդիան, ելնելով իրավիճակից, ենթարկվում էր բավականին ազդեցիկ Խորհրդային Միության թելադրած պայմաններին, այժմ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր»,- նշել է Հայրապետյանը։
«Մատուցվողը ոչ թե խաղաղություն է, այլ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարման գործընթաց, ինչը փաստացի այսօր իրականացնում է ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը»,- գրել է նա։



















