Օգոստոսի 14–15-ին Վանաձորում կանցկացվի «Սերմից մինչև սեղան» փառատոնը, որի շրջանակում նախատեսված են տեղական արտադրանքի ցուցադրություն և վաճառք, գիտական բաց դասախոսություններ, ծառատունկ, գաստրո-շոու և պանելային քննարկում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ միջոցառումը կանցկացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում և նպատակ ունի մեկ հարթակում համախմբել գիտությունն ու կայուն տեղական արտադրությունը, ինչպես նաև ամրապնդել գիտության և ֆերմերների միջև կապը։
Օգոստոսի 14-ին նախատեսված են տեղացի ֆերմերների էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցադրություն և վաճառք, խորհրդանշական ծառատունկ, գիտական բաց դասախոսություններ և վարպետության դասեր, «զրո թափոն» սկզբունքով գաստրո-շոու և մանկական էկո-գոտի։
Օգոստոսի 15-ին կանցկացվի «Համայնքներ, բիզնեսներ և գործընկերություն՝ հանուն կենսաբազմազանության» խորագրով պանելային քննարկում՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունների և առաջիկա CBD COP17 համաժողովի համատեքստում։
Միջոցառումը տեղի կունենա ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում՝ Ուսանողական 9 հասցեում։ Օգոստոսի 14-ի ծրագիրը կմեկնարկի ժամը 11:00-ին, օգոստոսի 15-ինը՝ 13:00-ին։
Նախաձեռնությունն իրականացվում է WWF-Հայաստանի կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի միջոցով։



















