Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ թունավորման պատճառը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ բացահայտվել է հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի մի մասի մոտ արձանագրված սննդային թունավորման աղբյուրը։

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ իրենց գործընկերներից մեկի, ինչպես նաև նրա մի շարք մատակարարների մոտ արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ։

«Ֆրանսիայի դեսպանատունն այսուհետ չի օգտվի նրանց ծառայություններից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Միաժամանակ դեսպանատունը չի նշել այն գործընկերոջ կամ մատակարարների անունները, որոնց մոտ արձանագրվել են խախտումները։

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ թունավորման դեպքերի վերաբերյալ համաճարակաբանական քննությամբ պարզվել էր՝ բժշկական հաստատություններ էր դիմել 10 քաղաքացի՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Բոլոր տուժածները մասնակցել էին հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը։ Ըստ տեսչական մարմնի՝ հյուրասիրությունը կազմակերպել էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։

https://snund.am/hy/page/news/2371/74%C2%A0?utm_source=chatgpt.com

Դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահական մարմիններին իրականացված քննության համար և կրկին ներողություն խնդրել տուժածներից։

Հուլիսի 18-ին դեսպանատունն առաջին անգամ հաստատել էր, որ ընդունելության որոշ հյուրերի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել և հայտնել էր, որ պատճառները պարզելու համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։