Նիդեռլանդներում էվթանազիայի ենթարկված անբուժելի հիվանդ երեխան մեկ տարեկան էր

Նիդեռլանդներում երկրի՝ կյանքի ավարտին բժշկական օգնության մասին օրենքի ընդլայնումից հետո էվթանազիայի ենթարկված առաջին անբուժելի հիվանդ երեխան եղել է ընդամենը մեկ տարեկան։ Ըստ Euronews-ի՝ նա համարվում է աշխարհում էվթանազիայի միջոցով մահացած ամենաերիտասարդ մարդը։

Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Նիդեռլանդների կառավարության պաշտոնական զեկույցին։

Նիդեռլանդների իշխանությունները դեռ հունիսին հայտնել էին, որ նախորդ տարի երեխայի նկատմամբ էվթանազիա է կիրառվել, սակայն չէին հրապարակել նրա տարիքը և հիվանդության մանրամասները։ Սեպտեմբերին հրապարակված պաշտոնական զեկույցից պարզվել է, որ երեխան վաղաժամ է ծնվել, ունեցել է սեպսիս, իսկ չորս ամսականում նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի լայնածավալ վնասում։

Երեխայի մոտ նաև ախտորոշվել են մանկական ուղեղային կաթվածի և էպիլեպսիայի ծանր ձևեր։ Զեկույցի համաձայն՝ նա խնդիրներ է ունեցել շնչուղիներից լորձը հեռացնելու հետ, ինչը շնչահեղձության և շնչառական վարակների բարձր ռիսկ է առաջացրել։

«Երեխայի կարճատև կյանքի ընթացքում որևէ զարգացում կամ վիճակի բարելավում չի արձանագրվել»,– նշված է զեկույցում։ Երբ բժիշկները եզրակացրել են, որ բարելավման հույս չկա, երեխայի ծնողները բժշկին խնդրել են դադարեցնել նրա կյանքը։

Նիդեռլանդներում մեկից մինչև 12 տարեկան՝ ծանր և անբուժելի հիվանդ երեխաների էվթանազիան թույլատրվել է 2024 թվականին՝ խիստ պայմանների պահպանմամբ։ Ավելի վաղ այս ամիս գործը քննած մասնագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ բժիշկը գործել է պատշաճ խնամքի պահանջներին համապատասխան, իսկ դատախազությունը հայտարարել է, որ նրան քրեական հետապնդման չի ենթարկի։

Նիդեռլանդներն աշխարհում առաջին երկիրն էր, որը 2002 թվականին խիստ պայմաններով օրինականացրեց էվթանազիան։ 2025 թվականին երկրում գրանցվել է էվթանազիայի կամ բժշկի աջակցությամբ ինքնասպանության 10 341 դեպք՝ 3,8 տոկոսով ավելի, քան 2024 թվականին։