«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը
– Ադրբեջանի նախագահը օրերս Բաքվում անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4010 ադրբեջանցի համարվում է անհայտ կորած, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման: «Մարդկային մնացորդների փորձաքննությունները ցույց են տալիս, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են խոշտանգումների»,- հայտարարել է Ալիևը։ Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ նպատակով է ադրբեջանական կողմը նման հայտարարություն անում այն ժամանակ, երբ հայկական կողմն ասում է՝ «Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին»:
– Ակնհայտ է՝ նոր բան չկա, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է որքան հնարավոր է Հայաստանից քաղել հաղթանակի իր արդյունքները, քանի որ Հայաստանի կառավարությունն էլ անընդհատ զիջողական դիրքերից է հանդես գալիս, Ադրբեջանն էլ, բնականաբար, ավելացնելու է պահանջների ցանկն ու հռետորաբանությունը: Սա ակնհայտ դասագրքային ճշմարտություն է, այս հռետորաբանությունը դրա դրսևորումն է, հատկապես երբ տեսնում է, որ ամեն անգամ նոր ճնշումներից հետո հայկական կողմն ավելի հնազանդ է դառնում, մի քիչ ավելացնում է դոզան:
Բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանի հեռահար նպատակը Հայաստանը պետականությունից զրկված միավոր դարձնելն է ու, ի վերջո, հետագայում կլանելը, ու նրանք քայլ առ քայլ իրենց այս ծրագիրն իրականացնում են, իսկ այս հայտարարությունը այդ դրվագներից մեկն է:
– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում, երբ ասում է, թե այդ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են խոշտանգումների:
– Նրանք բազմիցս Հայաստանը ներկայացրել են իբրև ագրեսոր, իսկ հիմա իբր թե ապացուցողական բազա են հավաքում, որ հետագայում, դիվանագիտական, իրավական, քաղաքական լծակներն օգտագործելով, մեծացնեն Հայաստանի նկատմամբ ճնշումները ու, եթե հնարավոր է, արդեն նաև պահանջներ ներկայացնեն:
Նա ոչ միայն ագրեսոր է կարգում Հայաստանին, այլ նաև ցեղասպանության թեման է բարձրաձայնում, բոլոր այս հայտարարությունները, այդ գործողությունները, որ ներկայացնում են, դրանք մարդկության դեմ կատարված հանցագործություններ են, ու նրանք դրա համար ապացույցներ են հավաքում, իրենց ասած՝ Խոջալուի դեպքերից սկսած մինչև պատերազմի ընթացքում կատարված գործողությունները ներկայացնում են նույն տրամաբանության մեջ:
Մեղադրանքը կա, ինչպես և ադրբեջանական մյուս բոլոր մեղադրանքները, որ միշտ եղել են, հիմա ուզում են դրա տակ ապացույցներ դնել ու հորինում են ապացույցներ: Կարող են գնալ, հայկական գերեզմանները քանդել, ասել՝ սրանք ադրբեջանցի զինվորներ են եղել, այդ փորձաքննություններն էլ իրենք իրենցով կազմակերպեն ու պահանջատիրական դիրքերից հանդես գալու համար այդ փաթեթները զարգացնեն:
– Հայկական կողմը պետական մակարդակով ի՞նչ պետք է անի դա կանխելու համար:
– Իրավական, դիվանագիտական գործիքակազմը բազմազան է, մենք այդ առումով բավականին ուժեղ ենք մեր հնարավորություններով, բայց եղածը չենք օգտագործում, ոչ միայն չենք օգտագործում, այլ նաև հայտարարում ենք, որ հրաժարվում ենք օգտագործելուց: Միտումնավոր կամ չիմացությունից ելնելով՝ հայտարարություններ ենք անում, որոնք վնասում են հայկական շահին: Այս տեսանկյունից առաջին քայլը, որ Հայաստանը պետք է անի, այն է, որ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում ընդունի պաշտպանել Հայաստանի շահը, այսօր ընդունված որոշումն է՝ Հայաստանի շահը չպաշտպանել, պաշտպանել թշնամու շահը, ու սա ապացուցում է իրենց գործողությունները:
Սրանից հետո գործողությունները շատ են, որ կլինեն, բայց ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել, որ հակառակորդը չիմանա, թե մենք ինչ գործիքակազմով ենք պատրաստվում նրանց դեմ պայքարելու, չնայած նրանք պատկերացնում են, որ մեր ձեռքին եղած իրավական գործիքները շատ են: Բայց Հայաստանն այս պահի դրությամբ գոնե չպետք է հայտարարի կամ իր գործողություններով ընդունի, որ իբր թե իրեն վերագրելի են այն մեղադրանքներն ու գործողությունները, որ Արցախի Հանրապետության տարածքում կատարվել են:
Արցախն ինքնուրույն սուբյեկտ է եղել, ու այնտեղ կայացված որոշումների պատասխանատուն Արցախի Հանրապետության ղեկավարությունն է եղել՝ դրական թե բացասական, բայց ես բացասական որոշում չեմ տեսել, հետևաբար մեղադրանքները Հայաստանին չպետք ուղղվեն, իսկ Ադրբեջանը Արցախի Հանրապետությունը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, սուբյեկտ չի դիտարկում ու Հայաստանն է դիտարկում պատասխանատու այն բոլոր գործողությունների համար, որոնք մեղսագրվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այս տեսանկյունից ակնհայտ է, որ բոլոր սլաքներն ուղղում են Հայաստանի կառավարությանը, վերջերս նկատեցի, որ անհայտ կորածների հետ կապված մեր կառավարության բառապաշարն այնպիսին է, թե իրենք են այդ ամենի պատասխանատուն, բայց Հայաստանն ի՞նչ կապ ունի ադրբեջանցի անհայտ կորած զինվորների հետ, Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանը պատերազմի կողմ չի եղել, Հայաստանում այդ ժամանակ անգամ ռազմական դրություն չի հայտարարվել: Պատերազմի կողմ եղել է Արցախը, հիմա Հայաստանի կառավարությունը որոշում է, որ տիրապետում է կամ պատասխանատու է անհայտ կորածների հայտնաբերման կամ նրանց հետ կապած տեղեկության փոխանցման համար: Եթե գնում է այս քայլին, փաստորեն ընդունում է Ադրբեջանի մեղադրանքի վերագրելիությունը:
– Պարո՛ն Սիմոնյան, եթե Հայաստանի կառավարությունը շարունակի գործել նույն կերպ, իսկ Ադրբեջանը, պարզ է, շարունակելու է նույն քաղաքականությունը, ապա ի՞նչ զարգացումներ կլինեն:
– Երկարաժամկետ կտրվածքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը կիրականացվի, Հայկական լեռնաշխարհում կդադարի հայկական պետականության գոյությունը: Միջնաժամկետը՝ սուբյեկտայնությունից զրկումն է, այսինքն՝ Հայաստանը կդառնա կամազուրկ քաղաքական միավոր, որը կենթարկվի թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր հրահանգներին:
Կարճաժամկետ հատվածում՝ այսօրվա իշխանությունը պետք է նորից փակի հանրության աչքերը ներքին երկպառակչական քաղաքականությամբ, որ մարդիկ չզգան այդ արտաքին վտանգը, ու ի հետևանք թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրը քայլ առ քայլ իրագործվի: Սա շատ ակնհայտ է, ես չգիտեմ, թե մարդ ինչքան պետք է ինքնախաբեությամբ զբաղվի, որ այս ամենը չտեսնի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am



















