Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ. քրեական գործ է հարուցվել

Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ. քրեական գործ է հարուցվել
Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ. քրեական գործ է հարուցվել
Հեղինակ MediaLab

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում գտնվող Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասում, նախկինում շահագործված հանքավայրում 2019 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին ՍՊ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի, արդյունահանվել է 1824 խմ՝ 45.6մլն դրամի տուֆի զանգված: Դրանով էական վնաս է պատճառվել ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: