«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո սպասելիքներ կային, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները կկասեցվեն, բայց նա դեռ շարունակում է պաշտոնավարել, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ այսօր՝ ի պատասխան լրագրողների հարցերին, ոչինչ չի ասել, միայն ընդգծել է, որ «գնահատական կտրվի անպայման»: Կատարվածն ինչպե՞ս եք գնահատում, դուք և՞ս կարծում եք, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները պետք է դադարեցվեին:
– Իհարկե շատ վատ եմ գնահատում այդ ամենը՝ անկախ նրանից, թե ի՛նչ հանգամանքներով է թելադրված եղել այդ ամենը, որ նման հանգուցալուծման է հասել: Համայնքային իշխանությունը, թաղապետարանի ղեկավարությունը պարտավոր էին ինչ-որ էտապում կտրել այդ գործողությունների շղթան՝ դիմելով իրավապահ մարմիններին, եթե որևէ խնդիր էր առաջացել: Իշխանությունները պարտավոր էին կասեցնել այդ ամենը՝ դիմելով իրավապահ մարմիններին, հակառակ դեպքում իրենց այն բարբաջանքները, թե մենք պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ, զրո են, ասում են մի բան, անում՝ բոլորովին այլ: Այս ամենի համար պետք է անպայման պատասխան տան, հետևաբար հրաժարականը պարտադիր է:
– Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ մինչև հիմա Տիգրան Ավինյանը գնահատական չի հնչեցրել:
– Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետ է հանդիսանում «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիոն գործունեությամբ պայմանավորված, հետևաբար, երևի «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունների միջև ինչ-որ քննարկումներ են տեղի ունենում, դրա համար էլ դեռ արձագանք չկա:
– Ի վերջո, կարծում եք հրաժարական կլինի՞:
– Կարծում եմ, որ պաշտոնանկ կարվի, որովհետև, եթե չարվեց, ապա դա շատ վատ արձագանք ու հետևանք կունենա:
– Պարո՛ն Աղազարյան, որոշ մեկնաբաններ պնդում են, որ Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպը չի կարող դիտվել մեկուսացված, քանի որ վերջին տարիներին եղել են դեպքեր, երբ, օրինակ, Ազգային ժողովի նախագահը թքել է քաղաքացու վրա, իշխանական պատգամավորներ հանդես են եկել ատելության խոսքով ու վիրավորանքներով՝ առանց իրավական հետևանքների։ Հնարավո՞ր է արդյոք, որ այս միջադեպն այդ ընդհանուր մթնոլորտի հետևանքն է։
– Իհարկե, բնականաբար այդ ամենի տրամաբանական շարունակությունն է, եթե տեսնում են, որ նմանատիպ մոտեցումները, ձեռագիրը ընդունելի են, մնացածն էլ են փորձում դա կիրառել: Հեղափոխական իմ նախկին գործընկերները շատ են շեղվել հեղափոխության գծից, որի պատճառով էլ ես ու պարոն Ասլանյանը հայտնվեցինք այս վիճակում:
– Պարո՛ն Աղազարյան, իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ձեր նախկին թիմակիցներն ինչ-որ պահի կվերադառնան այն գաղափարներին ու կլինեն դրանց կրողը, որոնցով եկան իշխանության:
– Ո՛չ, իրենք գիծն արդեն անցել են, հավաքական իմաստով՝ ո՛չ, բայց անհատական իմաստով՝ այո՛: Ցանկացած իշխանություն, որն ունի այլասերվելու հատկություն, մեկը՝ երեք տարի հետո, մեկը՝ յոթ, արդեն այդ բարիերն անցնում է, իսկ ՔՊ-ն արդեն դուրս է եկել այդ չափերից:
Եթե հիշում եք, խորհրդարանում ինձ հետ կապված քննարկման ժամանակ պարոն Կոնջորյանն ասում էր՝ պարոն Աղազարյան, ի՞նչ ճնշում կա ձեր նկատմամաբ, այն ժամանակ մարդկանց ծեծում էին, իսկ հիմա դուք կուսակցություն եք բացում, ոնց որ թե դա շնորհ էր իրենց կողմից: Հիմա ստացվում է, որ նրանք թաքուն էին ծեծում, դուք բացահայտ եք ծեծում մարդկանց, սա ինչի՛ նման է:
– Իսկ այս անպատժելիության մթնոլորտը, նման միջադեպերը մարդկանց մեջ դժգոհություններ առաջացնո՞ւմ են, որ մարդկանց հետ շփվում եք, նկատո՞ւմ եք նման բան:
– Նման իրավիճակներում մարդիկ հաճախ իներտ են դառնում իրենց գնահատականների մեջ, ու առաջանում է անտարբերություն, հետևաբար պետք է մի հատ շոկային իրավիճակ, որպեսզի իրադրություն շտկվի: Կարճ ասած, քանի վարչապետը չի հեռացել իշխանությունից, այս անպատժելիության մթնոլորտը չի վերանա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















