Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Հայաստանում բնական գազի թանկացման հնարավորությունը՝ նշելով, որ դրա գնի անփոփոխ մնալու երաշխիք չկա։

«Չկա երաշխիք, որ գազը չի թանկանա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ վերջին ութ տարիներին գազի գինն առնվազն երկու անգամ բարձրացել է, սակայն կառավարությանը հաջողվել է այնպես անել, որ թանկացումը բնակչության համար նկատելի չլինի։

«2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում՝ 2023-ին, թե 2022-ին։ Ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը։