Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ պարտության մատնելով նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդուն՝ Ֆլավիու Բոլսոնարոյին։ Վերջինս հրաժարվում է ընդունել պարտությունը և մտադիր է դատական կարգով վիճարկել արդյունքները։
Բրազիլիայի ընտրական դատարանի տվյալներով՝ 80-ամյա Լուլան ստացել է ձայների 51,79 տոկոսը, իսկ նրա 45-ամյա մրցակիցը՝ 48,21 տոկոսը։ Ձայների տարբերությունը կազմել է շուրջ 4,4 միլիոն։ Լուլան ընտրվել է նախագահական չորրորդ ժամկետով։
Հետաքրքիր է, որ հոկտեմբերի 4-ին անցկացված առաջին փուլում Լուլան զիջել էր Բոլսոնարոյին, սակայն երկրորդ փուլում կարողացել է հաղթել։
Ո՞վ է Լուլա դա Սիլվան
Աղքատ ընտանիքում ծնված նախկին մետաղագործը քաղաքական գործունեությունը սկսել է արհմիութենական շարժումից, դարձել Աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը և 2003–2010 թվականներին երկու ժամկետ ղեկավարել Բրազիլիան։
2018 թվականին Լուլան կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել և բանտարկվել էր։ Նա անազատության մեջ անցկացրել է 580 օր՝ մինչև 2019 թվականի նոյեմբերին ազատ արձակվելը։
2021 թվականին Բրազիլիայի Գերագույն դատարանը չեղարկել է նրա դատավճիռները՝ արձանագրելով, որ գործերը քննած դատարանը համապատասխան իրավասություն չի ունեցել։ Լուլան վերադարձել է քաղաքականություն և 2022 թվականին նախագահական ընտրություններում հաղթել Ժաիր Բոլսոնարոյին։ Այժմ նա կրկին հաղթել է՝ այս անգամ նախկին նախագահի որդուն։
Բոլսոնարոն չի ընդունում պարտությունը
Ֆլավիու Բոլսոնարոն մտադիր է դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։ Նա դժգոհ է քվեարկության օրը ընտրատեղամասերի աշխատանքը երկու ժամով երկարացնելու որոշումից, որը կայացվել էր տրանսպորտային խնդիրների և եղանակային պայմանների պատճառով։
Սակայն, Associated Press-ի փոխանցմամբ, ժամկետը երկարացնելու խնդրանքով դիմել էր նաև հենց Բոլսոնարոյի նախընտրական թիմը։ Ընտրական մարմինները պնդում են, որ որոշումը չի ազդել արդյունքների վրա։
Ֆլավիուի հայրը՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն, նույնպես չէր ընդունել 2022 թվականի ընտրություններում Լուլայից կրած պարտությունը։ Հետագայում նա դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ իշխանությունը պահպանելու նպատակով պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար։
Հաղթանակի միջազգային նշանակությունը
Բոլսոնարոների ընտանիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակիցներից է։ Լուլան, իր հերթին, բազմիցս քննադատել է Վաշինգտոնի ճնշումները Բրազիլիայի նկատմամբ։
Հաղթանակից հետո Լուլան հայտարարել է, որ Բրազիլիան չի դառնա որևէ երկրի «հետնաբակը»՝ ընդգծելով անկախ քաղաքականություն վարելու իր երկրի իրավունքը։
Նրա հաղթանակը ողջունել են մի շարք երկրների ղեկավարներ։ Հոկտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ Դոնալդ Թրամփը դեռ հրապարակային չէր արձագանքել ընտրությունների արդյունքներին։
Լուլայի նախագահական նոր ժամկետը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 5-ին։



















