Վարչապետը նախազգուշացրեց բռնարարներին՝ այսուհետև «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով

Վարչապետը նախազգուշացրեց բռնարարներին՝ այսուհետև «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով
Վարչապետը նախազգուշացրեց բռնարարներին՝ այսուհետև «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով
Հեղինակ MediaLab

Կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ բռնության կոչերի աճը կանխարգելելու նպատակով անձի կամ անձանց նկատմամբ սեռով, ռասայով կամ այլ խտրական հիմքով բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային քարոզելու համար պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց բռնարարներին՝ Հայաստանում ոչ ոք չպետք է ենթարկվի բռնության, այսուհետ «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով։ «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները և այլն։ Եվ մենք ասում ենք, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի։ Այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Այնտեղ, որտեղ երեխաների նկատմամբ է բռնություն գործադրվում, պետությունն այդտեղ միջամտելու իրավունք ունի։

Պետք է կանանց նկատմամբ բռնություն չգործադրվի, և այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ բռնություն է գործադրվում, այո՛, պետությունը պետք է միջամտի։ Որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Երբեմն ինձ դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ-ում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ այս դավադիր կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի»,- ասաց վարչապետը՝ նախարար Բադասյանից հետաքրքրվելով՝  արդյոք ստացվե՞լ է  միջազգային գնահատական, թե ինչի մասին է այդ կոնվենցիան, ում նկատմամբ բռնությունը կանխարգելելու մասին կոնվենցիա է:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը և ընդգծեց, որ բոլոր շահարկումներն անտեղի են։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ կոնվենցիան նրա մասին չէ՞, արդյոք , որ կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն գործադրել չի կարելի։ Նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց, որ բուն կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է։ «Անընդհատ շահարկվում է, թե սա վերաբերում է միասեռական զույգերի ամուսնությանը կամ նրանց կողմից երեխա որդեգրելուն, բայց սևով սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»,- շեշտեց նախարարը։

Վարչապետը նշեց, որ պետք  է հստակ արձանագրել՝ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Իսկ որպեսզի դա լինի, մենք չպետք է սպասենք, որ բռնությունը տեղի ունենա, հետո մենք գնանք ասենք՝ եկեք պատասխանատվության ենթարկենք։ Շատ կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով այս նախագծի ընդունումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից, ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Ինչո՞ւ եմ ասում՝ որոշակի լեգիտիմություն կա։ ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են ունենում դատական եզրափակում։ Ոչ բոլոր դեպքերում են, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեին, որովհետև կա որոշակի պատկերացում՝ դե լավ, մի մուշտի է տվել կրկին, ի՞նչ է արել։ Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, որ «մի մուշտի տալը» ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն։

 
Իմիջիայլոց, նրանց համար, ովքեր լավ չեն հիշում այդ պատվածքը, ասեմ, որ մուշտիի հետևանքով մուշտիի օբյեկտը մահացել էր։ Բայց քանի որ կար լեգիտիմություն, ընտանիքում առանց կեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել, և դա իմացվել էր ընտանիքում, և նրան դրա համար մուշտի էին տվել, դրա համար մահացել էր: Եվ երբ արդեն հարցը դարձել էր հանրային սեփականություն՝ ի՞նչն էր եզրակացությունը՝ լավ դե, ինչ եք խառնվել իրար, մի հատ մուշտի է տվել ընդամենը»,- ասաց վարչապետը։