ԵՄ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է

ԵՄ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է
ԵՄ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է
Հեղինակ MediaLab

2019 թվականի 9-ն ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետություններում ներկայացված ապաստանի հայցերի թիվը կազմել է 2 հազար 670: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 3 հազար 770, իսկ 2017-ին՝ 5 հազար 70:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն ամենամեծ թվով հայցեր են ներկայացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանություններին:

«Գիտեք, որ Հայաստանը ներկայում գտնվում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի փուլում եվրոպական կողմը շատ կարևորում է, որ մեր երկրից հնարավորինս քիչ անօրինական միգրանտներ լինեն, քիչ մարդիկ ապաստան հայցեն, ինչպես նաև Հայաստան հետ եկած քաղաքացիները պատշաճ աջակցություն ստանան»,-ասաց Իրինա Դավթյանը:

ՀՀ քաղաքացիների վերադարձը ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2019 թվականի 11 ամիսների տվյալներով ստացվել է 853 հայց 1728 անձանց վերաբերյալ: Ընդհանուր թվում 86.5 տոկոսի դեպքում անձանց քաղաքացիությունը հաստատվել է: Ամենամեծ թվով հայցերը ստացվել են Գերմանիայից:

Հայկական Կարիտասի «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, Հայաստանում վերաինտեգրման ծրագրերը հիմնականում իրականացվում են հասարակական ու միջազգային կազմակերպությունները:

«Վերաինտեգրման ծրագրերն ուղղորդված են և չուղղորդված: Ուղղորդված ծրագրի դեպքում ամեն ինչ որոշվում է նպատակակետ երկրում, պարզապես այստեղ այն կյանքի է կոչվում գործընկեր կազմակերպության կողմից: Չուղղորդված ծրագրի դեպքում միգրանտները գալիս են Հայաստան դիմում են կազմակերպությանը, որն էլ իրականացնում է նրա կարիքի գնահատումը, ըստ որի էլ տրամադրում է աջակցություն»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը: Այստեղ կան չափորոշիչներ, աջակցությունը սկզբնական շրջանում տրվում է խոցելի խմբերին: Աջակցության ձևերը տարբեր են՝ սոցիալական աջակցություն, բնակվարձի փոխհատուցում, բիզնես ծրագրի օգնություն և  այլն:

«Ընտանիքներ են լինում, որոնք երկար տարիներ դրսում են, բոլոր դատական փուլերն անցել են, կացության հարցը չի լուծվել հիմա վերադարձել են Հայաստան, իսկ այստեղ նրանք ժամանակին վաճառած են եղել ամեն ինչ, բնակարան: Այս ընթացքում կորցրել են սոցիալական կապերը: Այսինքն՝ նշանակալի աջակցության կարիք կա»,-ասաց նա: