«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ

Լրանում է Սումգայիթյան ցեղասպանության 23 տարին: 1988-ին, իր ինքնորոշման եւ անվտանգության համար ոտքի ելած Արցախի ժողովրդի խաղաղ ու օրինական պայքարն օգտագործելով որպես պատրվակ, ադրբեջանական խորհրդային վարչակարգը կազմակերպեց եւ իրագործեց հայազգի քաղաքացիների ֆիզիկական բնաջնջման մի սահմռկեցուցիչ գործողություն, որի հետեւանքով զոհվեցին կամ հաշմվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարավորները բռնագաղթվեցին Հայաստան եւ նախկին ԽՍՀՄ այլ վայրեր:

Սումգայիթյան ոճրագործությունը շարունակությունն էր ստալինյան ապօրինի որոշմամբ` իրենց տարածքներով հանդերձ, խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված հայ ազգաբնակչության նկատմամբ Բաքվի կողմից հետեւողականորեն իրականացված հալածանքների, էթնիկ զտումների քաղաքականության, որը հինավուրց հայկական Նախիջեւանում հանգեցրեց լիակատար հայաթափության, իսկ Արցախում հայ մեծամասնության տեսակարար կշռի սրընթաց անկման: Մյուս կողմից` այն նշանավորեց տեւական ցեղասպանության սկիզբը, որը զանգվածային սպանդի ու արտաքսման ահասարսուռ ճիրանների մեջ առավ հարյուր հազարավոր հայերի Ադրբեջանի ողջ տարածքում` Բաքվից մինչեւ հայկական Գանձակ:

Սումգայիթով եւ Արցախի դեմ իրագործած ռազմական ագրեսիայով արդեն անկախացած Ադրբեջանը եւս մեկ անգամ ցուցադրեց իր եղեռնածին բնույթը եւ ապացուցեց, որ Արցախը երբեք ու որեւէ կարգավիճակով չի կարող լինել այդ երկրի կազմում, քանի որ դա ուղղակիորեն կվտանգի հայ բնակչության անվտանգությունը: Սեփական քաղաքացիների խնդիրների լուծումն ու իրավունքների իրացումը վերջինների ֆիզիկական ոչնչացման եւ բռնի տեղահանման ձեւով պատկերացնող պետությունն իրավունք չունի հավակնելու Արցախի հանդեպ գերիշխանության:

Իսկ Արցախի ժողովրդին ադրբեջանական ագրեսիայի դեմհանդիման թողած միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, գերտերությունները որեւէ իրավունք չունեն այսօր պահանջելու Արցախից զիջել ինքնապաշտպանական պատերազմում նվաճած քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ պարտավոր են ճանաչել եւ ամրագրել դրանք` միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան:

«Ժառանգություն» կուսակցություն

28 փետրվարի 2011

Երևան