Օգոստոսի 16-ին տեղին ունեցավ Հայ Ազգային Կոնգրես – իշխանություններ երկխոսության 5-րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատվիրակության պնդմամբ, ամբողջությամբ նվիրվեց օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը: Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը:
Քանի որ հակառակ Կոնգրեսի պատվիրակության սպասումների, խնդիրը այդպես էլ չստացավ լուծում, ժամանակն է հրապարակել թե ինչ է տեղի ունեցել բանակցությունների վերջին երկու ռաունդներում:
5-րդ ռաունդի հենց սկզբից Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, որ բանակցությունների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է լուծել ձերբակալված երիտասադների խնդիրը: Նաև պարզաբանեց, որ ունի կատարվածի իր վարկածը, որը ամբողջությամբ ժխտում է ոստիկանության հնարովի վարկածը: Նշվեց, որ ոստիկանության ներկայացրած վարկածի կեղծիքը, երիտասարդների նկատմամբ բռնություններն ու դրանց աննախադեպ դաժանությունը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը եւ նրանց նկատմամբ կատարված բռնությունները, գործին ներգրավվելու մերժումը եւ դրանից բխող ձերբակալության ապօրինությունը վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնհայտորեն քաղաքական բնույթ, ուստի Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում բոլոր ձերբակալվածներին դիտարկելու որպես քաղբանտարկյալներ: Պատվիրակությունը հայտարարեց, որ հնարավոր չէ բանակցել քաղաքական բանտարկյալների առկայության պայմաններում, առաջարկեց որպես առաջնահերթություն լուծել բոլորի խափանման միջոցը փոխելու հարցը: Որպես լուծում, իշխանության պատվիրակությանն առաջարկվեց ստորագրել հետեւյալ փաստաթուղթը.
Իշխող Կոալիցիայի աշխատանքային խմբի եւ Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչներս. Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը`
-
իշխանության եւ ընդդիմության երկխոսության գործընթացի համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու եւ փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման նպատակով,
-
գիտակցելով, որ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ օգոստոսի 9-ի միջադեպի հետեւանքով առաջացած լարվածությունը պետք է լիցքաթափվի Հայաստանի օրենքների պահանջների, միջադեպի թափանցիկ եւ օրինական քննության ապահովման եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգման հիման վրա,
-
Ընդունում են իշխող Կոալիցիայի տված երաշխիքները, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ իրավապահ մարմինները օրենքի պահանջներին համապատասխան լրջագույնս քննեն ինչպես ոստիկանության պնդումները` երիտասարդ ակտիվիստների հակաօրինական գործողությունների մասին, այնպես էլ ընդդիմության ակտիվիստների պնդումները` իրենց եւ իրենց փաստաբանների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառման եւ իրավունքների ոտնահարման մասին, ինչպես նաեւ իրենցից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը
-
Ընդունում են Հայ Ազգային Կոնգրեսի տված երաշխիքները, որ կապահովվի վերոնշյալ անձանց պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրանց ներկայանալը եւ այլ դատավարական պարտականությունների կատարելը
Կոնգրեսի պատվիրակությունը պատճառաբանեց, որ այս քաղաքական գործընթացը լիովին տեղավորվում է Քրեադատավարական օրենքի շրջանակների մեջ, ապահովում է բաց դատաքննության հնարավորությունը, որի շրջանակներում էլ կպարզվի, արդյոք որեւէ մեկը քրեորեն պատժելի արարք է կատարել:
Իշխանությունների պատվիրակությունը ժամանակ խնդրեց հարցը քննարկելու եւ պատասխանելու համար: Այնուհետեւ փոխվեցին Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի խափանման միջոցները, իսկ օգոստոսի 23-ին տեղի ունեցած 6-րդ ռաունդի ժամանակ իշխանությունները թեեւ մերժեցին Կոնգրեսի ներկայացված փատաթղթի ստորագրումը, փոխարենը հավաստիացումներ տրվեցին, որ իրավական «ոչ խտրական» գործընթացը կտարածվի բոլորի վրա: Պատասխան խոսքում Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, որ իշխանությունների հավաստիացումները հեռացնում են բանակցությունների շարունակման համար վերջին խոչնդոտը եւ առաջարկեց շարունակել օրակարգային հարցով բովանդակային քննարկումները: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց լրագրողների առջեւ փոխհամաձայնեցված հայտարարություններով հանդես գալ, որի հետեւանքով Կոնգրեսի պատվիրակության ղեկավարը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ինչպես պայմանավորվել էինք, այսօր շարունակեցինք քննարկել օգոստոսի 9-ի միջադեպը եւ դրա հետ կապված զարգացումները: Քննարկման արդյունքում կարող եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը արագորեն կկարգավորվի: Դա նկատի ունենալով` մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը եւ լսել ենք իշխանությունների տեսակետը»:
Ելնելով վերոշարադրյալից Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը հայատարարում է.
-
Հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների եւ տրված հավաստիացումների, Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մինչ օրս փոխված չէ:
-
Օգոստոսի 9-ի միջադեպի հետեւանքով առաջացած քաղաքական լարվածության հաղթահարման նպատակով Հայ Ազգային Կոնգրեսի քայլերը, որոնք ուղղված են երկխոսության շուրջ վստահության եւ կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, չեն արժանանում իշխանությունների կողմից համարժեք ընդառաջ քայլերի:
-
Հայ Ազգային Կոգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` օրենքով նախատեսած անձնական երաշխավորության խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու համար ճնշման լծակ: Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի` քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը եւ դրա հետեւանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առեւտրի:
-
Մերժելով Հայ Ազգային Կոնգրեսի երաշխիքները նման հարցում, իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել հարաբերությունները վստահության հիման վրա եւ հարցականի տակ են դնում շատ ավելի մեծ փոխվստահություն պահանջող եւ պետության եւ ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ համաձայնության ձեռքբերման որեւէ հնարավորություն:
-
Չկարողանալով ապահովել ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու տարրական պահանջների կատարումը, կամ վերացնել Հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը, ինչպես նաեւ հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչնդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը, իշխանության պատվիրակությունը կասկածի տակ է դնում իր իսկ պնդումները իր լայն լիազորությունների մասին, եւ, ընդհանրապես, իր վստահելիությունը:
-
Վերջին օրերին իշխանությունների ճնշման ներքո մի շարք հանգստյան տների ղեկավարները չեղյալ են համարել Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները` օգոստոսի 26-28-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների ամենամյա ավանդական հավաք կազմակերպելու մասին:
-
Այս բոլոր զարգացումները վկայում են, որ ձեւականորեն շարունակելով երկխոսությունը, իշխանությունները, վախենալով Հայ Ազգային Կոնգրեսի աճող հեղինակությունից, նորից անցնում են հին` բռնաճնշումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարման մարտավարության կիրառմանը:
-
Քաղբանտարկյալների առկայությունը անհնար է դարձնում երկխոսության շարունակությունը:
Նման պայմաններում Հայ Ազգային Կոնգրեսը հարկ է համարում հայատարարել հետեւյալը.
Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո: