Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը. փաստաբաններ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժում ստանալու մասով։

Առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

«Եթե այս խախտումները շարունակվեն և անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը», – նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ փաստաբանական խումբը դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

«Հուսով ենք և վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին», – ասել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը մի քանի բժիշկների հսկողության ներքո պետք է բուժում ստանար, սակայն բուժումը չի թույլատրվել և նույն օրը նրան տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ 

«Հունվարի 22-ից դիմում ենք համապատասխան մարմիններին, որ բուժում ստանա, սակայն ոչ մի արձագանք չկա։ Այս կերպ խախտվում են Կառավարության թիվ 825 N որոշումը, Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, համաձայն որոնց Խաչատրյանը իրավուն ունի հետազոտվել և բուժում ստանալ այնտեղ, որտեղ իր նախընտրած բժիշկն է աշխատում», – պարզաբանել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նշել է, ՀՀ կառավարության որոշմամբ և օրենսդրությամբ հստակ սահմանված է. անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում դատապարտյալների հիվանդանոցում, հնարավոր է բուժում տրամադրել, թե ոչ, եթե անձը ցանկանում է իր ընտրած բժշկի կոմից իր միջոցների հաշվին բուժում ստանալ, այդ իրավունքը ուղիղ պարտադիր պահանջ է, որը պետք է ապահովվի իրավասու մարմինների կողմից։ 

«Այդ պահանջը մեր կողմից ներկայացվել է 2020թ. հունվարի 23-ից, երբ Գագիկ Խաչատրյանին հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ նաև, որ ներկայացվել է փաստաթուղթ, իբր թե Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ», – ասել է պաշտպանը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պահանջելով տեղեկատվություն հայտնել, թե ով և երբ է Գագիկ Խաչատրյանին ուղարկել դատապարտյալների հիվանդանոց բուժում ստանալու և երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից, քանի որ դա պետք է լինի գրավոր ձևաչափով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվեց»։