Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին:

«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ:

Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: