Ալիևն ինչ ուզում հայտարարում է. յոթ սուտ մեկ օրում. Fip.am

Հեղինակ MediaLab

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պնդել է, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում։

Մասնավորապես, այդպիսի հայտարարություն հոկտեմբերի 22-ին Ալիևն արել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շարաֆ Մալքոչի հետ հանդիպման ժամանակ և ճապոնական խոշորագույն թերթերից մեկի՝ Nikkei-ն տված հարցազրույցում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հանդիպմանը և հարցազրույցում Ալիևի հնչեցրած կեղծ պնդումները։

«Մենք երբեք չենք ձեռնարկել և չենք ձեռնարկելու ինչ-որ քայլեր ընդդեմ խաղաղ բնակչության։ Չնայած այն բանին, որ նրանք գնդակոծում են մեր հին պատմական քաղաք Գյանջան, մենք չենք գնդակոծել ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի քաղաքները»,- հայտարարել է Ալիևը։

Սակայն փաստերը այլ բան են ապացուցում։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանական կողմի հարձակումը սկսվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությամբ։ Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների՝ Մարտունի, Մարտակերտ, Շուշի և այլն, հրետակոծությունը շարունակվում է մինչ օրս։ «Փաստերի ստուգման հարթակն» այս ընթացքում եղել է Արցախի մի շարք քաղաքներում և հավաքել փաստեր, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ էր պահում նաև Արցախի խաղաղ բնակավայրերը։

Օրինակ, այս լուսանկարում պարզ երևում է, թե ինչպես է հրետակոծվել Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկը։ Պատշգամբում հայտնված արկը, բարեբախտաբար, չի պայթել։

Ինչպես երևում է լուսանկարում, հրետակոծված շենքը բնակելի շենք է և ռազմական նշանակության օբյեկտ չէ։

Այս լուսանկարում հրետակոծության տակ է հայտնվել Ստեփանակերտի հանրախանութներից մեկը, ինչի հետևանքով բռնկվել էր հրդեհ։ 

Լուսանկարում նույն հանրախանութն է, արդեն հաջորդ առավոտյան՝ ամբողջովին այրված։

Ադրբեջանի կողմից հրետակոծությունը ֆիքսել էր նաև Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում կայանված մեքենային ամրացված տեսախցիկը։

Fip.am-ի լրագրողներն այցելել էին այս հրետակոծության վայրը, որը, ինչպես երևում է և՛ մեքենայի տեսախցիկի, և՛ մեր խմբի կողմից արված լուսանկարներում, գտնվում է քաղաքի բնակելի հատվածում՝ Արցախի գլխավոր փոստային բաժանմունքի մոտակայքում։

https://youtube.com/watch?v=JnGXdGI4alU%3Ffeature%3Doembed
https://youtube.com/watch?v=s8eToLKVoJ8%3Ffeature%3Doembed

Այս տեսանյութում հստակ երևում է Ստեփանակերտի փողոցներից մեկում պայթած արկի հետևանքով առաջացած խորը փոսը։ Այս դեպքում ևս հստակ է, որ Ադրբեջանի հրետակոծության թիրախ է եղել հենց խաղաղ բնակչությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» այցելել էր նաև հրետակոծության տակ հայտնված Հադրութ քաղաք, հայտնաբերել ու լուսանկարել Ադրբեջանի կողմից կասետային զենքի կիրառման ապացույցներ և ցույց տվել, որ Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ։

Ի դեպ, Ստեփանակերտն ու Հադրութը Ադրբեջանի թիրախում հայտնված միակ բնակավայրերը չեն։ Ադրբեջանի հրետանու թիրախում են Արցախի բոլոր քաղաքներն ու խոշոր գյուղերը։

Օրինակ, Մարտունի քաղաքի հրետակոծությունը, որտեղ զոհվել էին 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ։ Վիրավորվել էին նաև տեղում աշխատող լրագրողներից մի քանիսը։ Դրանցից էր նաև ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցը, որի կյանքը հաջողվեց փրկել։

Եվ չնայած Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ իրենց թիրախում բացառապես ռազմական նշանակության օբյեկտներն են, այնուամենայնիվ, իրականությունն այլ է, և Ադրբեջանի կողմից թիրախավորվելու հետևանքով, ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաշվետվության, արդեն իսկ զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել 115-ը։ Ընդ որում՝ 36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում։

Հայկական բնակավայրերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը չի գնդակոծել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը։ Սակայն այս դեպքում էլ փաստերն այլ բան են ապացուցում։ Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի թիրախում էր հայտնվել քաղաքացիական ավտոբուս, որն ամբողջովին այրվել էր։

Նույն օրը Ադրբեջանի ավիահարվածների հետևանքով տուժել էին Վարդենիս քաղաքի շրջակա մի քանի գյուղեր (ՆորակերտՇատվան, Գեղամաբակ, Շատջրեք, Սոթք և այլն)։ 

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանական անօդաչու թռչող սարքի թիրախում էր հայտնվել Մեծ Մասրիկ համայնքի բնակիչներից մեկի տունը, որն ամբողջովին հողին էր հավասարվել։ Զոհվել էր մեկ, վիրավորվել երկու քաղաքացի։

Ադրբեջանի զինված ուժերի թիրախում են հայտնվել նաև երեխաները։ Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում էր ստացել Վարդենիս քաղաքի 14-ամյա բնակիչը։ ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով խաղաղ բնակիչներ են եղել, այդ թվում՝ երեխաներ:

Այսպիսով, փաստենք, որ Ալիևի պնդումը, թե Ադրբեջանի զինված ուժերը չեն թիրախավորել և չեն թիրախավորում Հայաստանի և Արցախի խաղաղ բնակավայրերը, սուտ է, և խաղաղ բնակիչներին թիրախավորելու այս բազմաթիվ դեպքերն ապացուցում են, որ դրանք ոչ թե պատահականության, այլ դիտավորյալ գործողությունների արդյունք են։

Պղծված մզկիթներ 

Ալիևը Թուրքիայի օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, թե հայերը պղծել են մեր մզկիթները։

Ի հակադրություն Ալիևի այս պնդման, միայն Շուշի քաղաքում կա երեք կանգուն մզկիթ՝ Սաաթլի, Վերին և Ներքին։ 2008-ից սկսած՝ Արցախի իշխանությունները 30 մլն դրամ են ծախսել Արցախում գտնվող մահմեդական հուշարձանների պահպանության համար։ Միայն Շուշիում վերականգնվել են երկու մզկիթ և մեկ մադրասա (կրոնական կրթարան): Արդեն 2019-ին ամբողջությամբ վերականգնվել է Վերին մզկիթը։

Ինչ վերաբերում է Աղդամի մզկիթին, ապա այն Արցախյան առաջին պատերազմի տարիներին ամբողջովին ավերված Աղդամ (Ակնա) քաղաքի ամենալավ պահպանված շինությունն է։ Այս մասին են փաստում և՛ քաղաքի արբանյակային լուսանկարները, և՛ հենց մզկիթի լուսանկարները։ Աղդամի մզկիթը ևս 2010-ին մաքրվել և մասնակի վերականգնվել էր։

Ինչ վերաբերում է Ֆիզուլիին, ապա Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ հայերը Ֆիզուլիի մզկիթում խոզեր են պահել։ Սակայն այս հայտարարությունն անելուց անմիջապես առաջ Ադրբեջանի նախագահն ինքն էր հայտարարել, որ Ֆիզուլիում չկար որևէ կանգուն շինություն, հետևաբար՝ հնարավոր չի խոզեր պահել փլատակների մեջ։

Ի հակադրություն Ալիևի պնդման, հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծեցին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ  Ադրբեջանը թիրախավորում է նաև մշակութային, կրոնական և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանում բնակվող հայերի մասին

Ճապոնական Nikkei-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե այսօր Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրում են հազարավոր էթնիկ հայեր։

«Փաստերի ստուգման հարթակն» այս պնդմանը արդեն իսկ անդրադարձել է և ապացուցել, որ ադրբեջանական քարոզչության այս թեզը կեղծ է։ Այսպես, ըստ 2009-ին Ադրբեջանում անցկացված մարդահամարի, այդ երկրում բնակվում է 120,306 հայ, որի մեջ ընդգրկված է նաև Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գտնվող Արցախի Հանրապետության բնակչությունը։ Ըստ նույն մարդահամարի՝ 120,089 հայ ապրում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այսինքն, հենց Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում բնակվում է ընդամենը 217 հայ, որոնց մոտ կեսը՝ 104-ը, մայրաքաղաք Բաքվում։

Ալիևը նաև հայտարարում է, թե 20-րդ դարի սկզբին Երևանի բնակչության 70 տոկոսը ադրբեջանցիներ էին։

1897 թվականին անցկացված ռուսական կայսերական մարդահամարի համաձայն՝ Երևանի բնակչությունը եղել է 29,006, որից 12,523-ը՝ հայեր, 12,359-ը՝ թաթարներ (ադրբեջանցիներ) և 4124-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ, հիմնականում՝ ռուսներ։ Այսինքն, ադրբեջանցիները, որոնք այն ժամանակ հայտնի էին որպես «թաթարներ», կազմում էին Երևան քաղաքի բնակչության 42.6 տոկոսը։ Արդեն 1916-ի դրությամբ ադրբեջանցիների հարաբերակցությունը է՛լ ավելի է պակասել՝ կազմելով մոտ 25 տոկոս։

Ալիևը պնդում է, թե իրենց տեղեկություններով ներկայում «Լեռնային Ղարաբաղի և օկուպացված տարածքների իրական բնակչությունը կազմում է մոտ 65 հազար մարդ»

2015-ին Արցախում անցկացված մարդահամարի համաձայն՝ այնտեղ բնակվում է 140,535 մարդ։ Ըստ ավելի թարմ տվյալների՝ 2018-ի դրությամբ Արցախի Հանրապետության մշտական բնակչությունը կազմել է 148,000։ Այն, որ Արցախի բնակչությունը հենց այսքան է, փաստում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group)՝ 2018-ին հրապարակված զեկույցը, որտեղ Արցախի բնակչության թիվը նշված է մոտ 150,000։

Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե իրենք բալիստիկ հրթիռներով չեն հարվածել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքին

Սակայն դեռ հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները նաև բալիստիկ հրթիռներով։ «Հավանաբար՝ նաև LORA հրթիռներով»,- նշել էր նա։

Այն, որ Ադրբեջանը կիրառել է իսրայելական LORA տեսակի հրթիռներ, փաստում են նաև իսրայելական աղբյուրները, այդ թվում՝ Jerusalem Post թերթը։ Իսկ որ LORA-ն բալիստիկ հրթիռային համակարգ է, փաստում են ինչպես Jane’s հեղինակավոր ռազմական փորձագիտական կազմակերպությունը, այնպես էլ հենց այդ հրթիռը արտադրող Israel Aerospace Industries ընկերությունը։

Սևադա Ղազարյան

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am