Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային քննարկում էր հրավիրել մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ շուկաների տնօրենների մասնակցությամբ:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանոնակարգման և դրանք սահմանված վայրեր տեղափոխելու գործընթացը շարունակվելու է:
<<Խնդիր է դրված բացօթյա առևտրով զբաղվողներին ապահովել համապատասխան տեղերով, որտեղ նրանք կշարունակեն իրենց առևտրային գործունեությունը>>,-տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկմանը նշվել է, որ մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկել:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջաններում գործող շուկաների զբաղվածության ընդհանուր պատկերն ունենալուց հետո քաղաքապետարանը որոշակի քայլեր կձեռնարկի նաև նոր փոքր շուկաների կառուցման ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Շուկաների կազմակերպիչներն ու տնօրենները պատրաստակամություն են հայտնել հնարավորության դեպքում նույնիսկ զեղչեր կիրառել:
Հիշեցնենք, որ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գրեթե բոլոր քաղաքապետերի նման իր պաշտոնավարությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարով:
Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ է դրել հազարավոր առեւտրականների, որոնք արդեն քանի օր է բազմամարդ բողոքի ակցիաներ են անցկացնում:
© Medialab.am