«Սա լավ ազդակ է, որ իսկապես կոռուպցիոն գործարքների հետ կապված խտրականություն չկա յուրայինների և այլոց միջև». իրավապաշտպան

«Սա լավ ազդակ է, որ իսկապես կոռուպցիոն գործարքների հետ կապված խտրականություն չկա յուրայինների և այլոց միջև». իրավապաշտպան
«Սա լավ ազդակ է, որ իսկապես կոռուպցիոն գործարքների հետ կապված խտրականություն չկա յուրայինների և այլոց միջև». իրավապաշտպան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալությանն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակին:

«Սա փորձություն է նոր իշխանությունների համար: Ես սպասողական լավատեսությամբ եմ նայում այս ամենին»,- ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին սա շատ կարևոր գործընթաց է նրանով, որ մամուլի, կոնկրետ «Հետք» կայքի հրապարակման հիման վրա գործ հարուցվեց ու դրան ընթացք տրվեց: Իրավապաշտպանի խոսքով՝ նախկինում էլ «Հետքը» բացահայտում էր կոռուպցիոն սկանդալներ տարբեր պաշտոնյաների վերաբերյալ, բայց ընթացք չի եղել:

«Ես միայն հիշում եմ, որ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի հետ կապված հրապարակումից հետո նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, բայց հետագայում որևէ իրավական հետևանք չեղավ: Իմ հիշողությամբ՝ սա նոր իշխանությունների ժամանակ երկրորդ դեպքն է, երբ մամուլի հրապարակման հիման վրա ինչ-որ գործողություններ ու ձերբակալություններ տեղի ունեցան: Ինչո՞ւ եմ ասում՝ սպասողական լավատեսությամբ եմ վերաբերվում, որովհետև տեսնենք, թե ինչ ընթացք կունենա այս ամենը»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ կալանավորվել են պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն ու ծառայության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ», և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «փաստաթղթեր կեղծելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Այս գործը հարուցվել է այն բանից հետո, երբ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Նրա խոսքով՝ հեմոդիալիզի պարագաների մատակարարման մրցույթում հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ և տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն է նկարազարդել:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ կարևոր է հետևյալ հարցը՝ քաղաքացիները կհամոզվե՞ն, որ քննությունը ճիշտ ընթացք է ունեցել, այս գործն իր իրավական հանգուցալուծումը կստանա, թե՞ ոչ:

«Սա շատ կարևոր հարց է, ես առայժմ չեմ շտապի լրիվ լավատեսություն ցուցաբերելու, սպասենք, տեսնենք: Այստեղ մի քանի հարցեր կան, սա փորձություն է նոր իշխանությունների համար: Փորձություն համար առաջին՝ արդյոք սա ուղղակի հանրությանը ցուցադրելու համա՞ր է, թե՞ լուրջ է: Դա կերևա ընթացքում: Նրանք խոստացել են, որ անկախ նրանից՝ անձը յուրային է, թե ոչ յուրային, կոռուպցիայի հետ կապված հարցերում անկոտրում են լինելու: Նույնը մեզ խոստանում էին նախկին իշխանությունները, բայց մենք նրանց չէինք հավատում: Արդյոք նոր իշխանությունները սկզբունքայի՞ն կգտնվեն, թե՞ կմտածեն, որ յուրայիններին պատժելով՝ հարված կհասցնեն իրենց կերպարին»,- ասում է իրավապաշտպանը:

 Ավետիք ԻշխանյանըՆրա խոսքով՝ գուցե շատերի, հատկապես այսպես կոչված «ռեակցիոն ընդդիմության» կողմից շահարկվի այն հարցը, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկածների մեջ կոռուպցիոներներ կան: «Բայց այն հասարակությունը, որն աջակցել է նոր իշխանություններին և դեռ հույսեր ունի, նրանց համար սա կլինի լավ ազդակ, որ իսկապես կոռուպցիոն գործարքների հետ կապված խտրականություն չկա յուրայինների և այլոց միջև: Կապրենք, կտեսնենք, ես առայժմ ձեռնպահ եմ մնում շատ մեծ լավատեսություն արտահայտելուց»,- նշում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am