Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարչապետն էլ ծանոթ չէ որոշմանը

Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարչապետն էլ ծանոթ չէ որոշմանը
Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարչապետն էլ ծանոթ չէ որոշմանը

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է,հայտնում են նրա փաստաբաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը` տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի հանդեպ  քրեական հետապնդումը սկսվել է 2008-ի  մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, երբ ԱԺ պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիրը միացել էր ընդդիմությանը պայքարին ընդդեմ ընտրությունների արդյունքների:
«Այսօր` 2011 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ` պարոն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը», – նշված է հաղորդագրությունում:

Սուքիասյանը հետախզուման մեջ էր գտնվում մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ ընդհատակից ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Նրան  մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

Հաշվի առնելով` նրա ինքնակամ է ներկայանալու փաստը, նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը: Կարճ ժամանակ անց, նա վայր դրեց պատգամավորական մանդատը և բուժման նպատակով լքեց Հայաստանը:

«Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանն  անրադառնալով Սուքիասյանի դեմ քրեական հետապնդման դադրեցմանը, նշել է, թե ծանոթ չէ որոշմանը:

«Ես այս հայտարարությանը դեռ ծանոթ չեմ: Կնայեմ, թե ինչ է հրապարակվել»,-ասել է Սարգսյանը։

© Medialab.am