Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում․ հանցագործությունը բացահայտվել է․ Տեսանյութ

Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սևան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ: Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետև դեպքի վայրում մատնացույց արել հատած ծառերը` հայտնելով, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար:
Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների` «Սևան ազգային պարկին» պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: 46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է, տեղեկանցում է ոստիկանությունը։