Ավարտվեց ընդդիմության «հանգրվանային» հանրահավաքն ու երթը

Ավարտվեց ընդդիմության «հանգրվանային» հանրահավաքն ու երթը
Ավարտվեց ընդդիմության «հանգրվանային» հանրահավաքն ու երթը

Մարտի 1-ին, Մատենադրանի հարող տարածքում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին, որին մասնակցել է նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ըստ ընդդիմության մասնակցել է առնվազն հիսուն հազար հոգի: Ոստիկանության տվյալները գրեթե հինգ անգամ պակաս են` տաս հազար:

Բազմամարդ հանրահավաքում ելույթ են ունեցել ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամները, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ,  Կոնգրեսի առաջնրորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ելույթ ունեցողները պահանջել են մարտի մեկյան դեպքերի միջազգային անկախ քննություն անցկացնել, ինչպես նաեւ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ` երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար:

«Պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»,-հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա նաեւ ասել է, որ ՀԱԿ հանրահավաքները, ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ:

Հանրահավաքից հետո տեղի է ունեցել երթ: Մասնակիցները հասել են մինչեւ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ են դրել եւ հարգանքի տուրք մատուցել երեք տարի առաջ ուժայինների հետ բախումների հետեւանքով զոհվածների հիշատակին:

Ընդդիմությունը հայտարարել է, որ սկսել է հանրահավաքների շարք. Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 17-ին:

© Medialab.am