«Արմաթ» լաբորատորիաներին 2 տարվա ընթացքում 1 մլրդ 296 մլն դրամ է հատկացվել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արմաթ լաբորատորիաների ծրագրին և նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ՝ ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել:

«Արմաթ լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին, և 2014-2017 թվականներին Արմաթ լաբորատորիաները պետբյուջեից ֆինանսավորվել են 188 միլիոն դրամի չափով, 2018-2019 թթ.-ին՝ 1 մլրդ 296 մլն դրամով: Այսինքն՝ երեք տարվա ընթացքում 188 միլիոն դրամ, երկու տարվա ընթացքում՝ 1 միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից»,- տեղեկացրեց նա:

Վարչապետը նշեց, որ մինչև հեղափոխությունը ՀՀ-ում երեք տարվա ընթացքում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո բացվել է 355 Արմաթ լաբարատորիա: «Այսինքն՝ 1.5 տարում բացվել է կրկնակիից ավելի, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում:

Ինչո՞ւմն է այդ պրբոլեմը, շատ պարզ բանի մեջ է, մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից:

Մենք ասում ենք հետևյալը, որ մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և, ինչպես Կառավարության նիստում հանձնարարել եմ, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից, անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում ձևավորենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով:

Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբարատորիաներ և հրավիրել մրցույթներ, և ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը, այդ կազմակերպությունն էլ կհաղթի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայացված վիճակագրությունն ամեն ինչ ցույց է տալիս. «Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված՝ դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք: Այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: