«Հանրությունն այդպես էլ վերաբերվելու է ֆիզիկայի ֆակուլտետին, որ դա ցանց գործող ֆակուլտետ է». ըստ Սմբատ Գոգյանի՝ գիտության կառավարումը սխալ է արվում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը

– Պարո՛ն Գոգյան, նախօրեին մի լուսանկար էր տարածվել համացանցում, թե ինչպես է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը ցանց գործում զինվորների համար: Շատերը նշում են, որ փաստորեն ֆակուլտետը, որ կարևոր գործ ունի գիտության ոլորտում, այդ թվում՝ իր հայտնագործություններով առաջնագծին օգնելու առումով, ցանց է գործում: Սա ինչի՞ մասին է խոսում:

Սիրելի հայրենակիցներ և այսպես մեր հերթական ցանցը պատրաստ է։ Շնորհակալ ենք բոլոր դասախոսներին, ուսանողներին և այլ…

Posted by ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ/YSU, Faculty of Physics on Saturday, October 31, 2020

– Ընդհանուր առմամբ, քաղաքական մեսիջը կարևոր է. այն, որ իր հիմնական գործառույթը թողած՝ ֆիզիկայի ֆակուլտետի մեսիջն այն է, որ ցանց է գործում, հանրությունն այդպես էլ վերաբերվելու է ֆիզիկայի ֆակուլտետին, որ դա ցանց գործող ֆակուլտետ է: 

Ճիշտ է, այնտեղ էլի լիքը բաներ են արվում, հավանաբար գաղտնի բաներ էլ են արվում, բայց այն, ինչ իրենք ներկայացնում են որպես գործողություն, հանրության արձագանքը դրան էր վերաբերում: Իրականում ես անդրադարձել էի ֆինանսավորման խնդրին, որ, ասենք, իմ սերնդակիցներից բոլորը դուրս են եկել գիտությունից: 

– Այսինքն՝ գիտությամբ զբաղվելն այսօր գայթակղիչ չէ Հայաստանում:

– Գիտության կառավարումը շատ սխալ է արվում, դրա համար էլ գայթակղիչ չէ: Այն, ինչը սխալ է կառավարվում, չի կարող գայթակղիչ լինել: 

– Հայաստանը՝ որպես պատերազմող երկիր, արդյոք չպե՞տք է որպես առաջնահերթություն զարգացներ հենց ռազմարդյունաբերությունը:

– Մեր պետության զարգացման ռազմավարությունը ես չգիտեմ: Վերջերս վարչապետը հրապարակեց մինչև 2050 թվականի ռազմավարությունը, բայց դրա համար պետք է 2025, 2030, 2040 թվականների համար էլ ռազմավարություն լինի, որպեսզի կարողանանք ձևակերպել՝ մենք գիտություն, ռազմարդյունաբերություն պե՞տք է ունենանք, թե՞ ոչ: Պետք է հասկանալ՝ առնե՞լն է էժան, թե՞ սարքելը: Ես համարում եմ, որ ինչ-որ բան պետք է մենք անենք, բայց դրա մասին պետք է ծրագիր լինի այդ ոլորտը: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների հետաքրքրությունների շրջանակում չի եղել:

– Չգիտեմ, չեմ կարող ասել: 

– Դուք ղեկավարել ենք ԲՈԿ-ը, ի՞նչ ծրագրերով կարելի է այս խնդիրներին լուծում տալ, առաջնային քայլերը որո՞նք պետք է լինեն: Խնդիրը ֆինանսների պակա՞սն է:

– Առաջին հերթին օպտիմալացում է պետք, հստակ չափանիշների սահմանում, որպեսզի ֆինանսները ճիշտ օգտագործվեն, որը հետագայում կբերի ֆինանսների ավելացման: Միայն ֆինանսների ավելացումը ոչ մի էֆեկտ չի տա: 

– Պարո՛ն Գոգյան, որպես ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ ցա՞վ ապրեցիք, որ այդ ֆակուլտետը իր գործառույթները թողած՝ ցանց է գործում:

– Ո՛չ, ցավ չզգացի: Ինձ ցավ է պատճառել վերջին 15-20 տարվա մեջ այդ ֆակուլտետ ընդունվող ուսանողների զարգացվածության մակարդակը, նրանց վերաբերմունքը ոլորտին:

Մանե Հարությունյան

MediaLab.am