«Մրսածության հիվանդությունները այս օրերին շատ տարածված են. և՛ շոգը, և՛ ցուրտը սթրես են մեր իմունային համակարգի համար». Նունե Բաղդասարյան

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսային հիվանդությունը հանրապետությունում դարձյալ գլուխ է բարձրացնում. մեկ շաբաթում շուրջ 2000 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ էլ մահացել է: Սակայն կորոնավիրուսի հետ միասին այս օրերին շատ տարածված են վիրուսային հարուցիչով պայմանավորված մրսածության հիվանդությունները:

Մանկաբույժ Նունե Բաղդասարյանի անձնական կլինիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ շնչառական վարակները, որոնք ձմեռային ցուրտ եղանակների հարուցիչներ են, տարածվում են նաև այսօր՝ շոգ եղանակին: Մասնագետը դա դիսոնանս է համարում:

«Եթե հայաստանյան գոտում ցուրտ եղանակը նոյեմբերից մինչև ապրիլ ամիսներն է, ապա, օրինակ՝ Հոնկոնգում մարտից օգոստոս ամիսներն են: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ճանապարհորդությունը, միգրացիան նպաստում են վարակների տարածմանը, արդյունքում՝ սեզոնայնությունը վերանում է, և վիրուսների կառուցվածքային բնութագիրը խախտվում է»,- «Մեդիալաբին» ասում է Նունե Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման նախորդ երկու տարիների ընթացքում մասնագետները փաստում են, որ ամռան ամիսներին հիվանդության բռնկման հաճախությունը նվազել է: Այդպիսին է պատկերը նաև մի շարք այլ վիրուսների համար, օրինակ՝ գրիպն իր ենթատեսակներով: Ամռան վերջին ամսին կորոնավիրուսը դարձյալ ակտիվացել է, ու ինչպես Նունե Բաղդասարյանն է կանխատեսում, դեռ կշարունակի տարածվել:

«Գրիպի վիրուսը ևս ունեցել է սեզոնայնություն, և դրանք անվանում ենք մրսածության հիվանդություններ: Սովորաբար ասում ենք, չէ՞, մրսել եմ, դողացնում եմ, բայց մենք դողացնում ենք, քանի որ վիրուսը սկսում է բազմանալ, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են մրսածության հիվանդություններ (cold disease): Բայց դրա հիմքում վիրուսն է, որը բազմանում է, ու արդյունքում սկսվում է մկանային դողը: Ջերմության բարձրացում, շնչառական կամ ռեսպիրատոր գանգատներ, ցավ կոկորդում, հազ և այլն՝ սրանք բոլորը վկայում են, որ դա վիրուս է, հարուցիչ ունի»,- նշում է մանկաբույժը:

Նա ասում է, որ այսօր շատ դժվար է տարբերել կորոնավիրուսն այլ ռեսպիրատոր վարակներից: Բայց ախտորոշելու համար կան «հուշող» նշաններ, որոնք առանձնանում են քովիդ ունեցող հիվանդների մոտ օրինակ՝ դժվարաշնչությունը, խիստ արտահայտված թուլությունը, բարձր ջերմությունը, կոկորդի ցավը: Շնչառական խանգարումները, մանկաբույժի խոսքով, շատ ավելի բնորոշ են կորոնավիրուսային հիվանդությանը, քան, օրինակ՝ գրիպին:

«Կան վիրուսային վարակներ, որոնք շոգ ժամանակահատվածի վիրուսներ են, բավական տարածված են և՛ երեխաների, և՛ մեծահասակների շրջանում: Ես ուզում եմ շեշտել իմունային համակարգի կարևորությունը: Նույն հիվանդությունը մի երեխայի մոտ ընթանում է ծանր, բարդություններով, մյուսը՝ թեթև, ոտքի վրա է անցկացնում: Բայց մենք հասկանում ենք, որ նույն վարակն է, հետևաբար իմունային համակարգի պաշտպանական պատասխանը հարուցիչին շատ կարևոր նշանակություն ունի: Ե՛վ շոգը, և՛ ցուրտը սթրես են մեր իմունային համակարգի համար: Նման պայմաններում շատ կարևոր է վիտամին D-ն, մաքուր օդը, օդափոխությունը»,- ասում է Նունե Բաղդասարյանը:

Վերջին շրջանում տարածված են նաև ստամոքսաղիքային խանգարումները, որի հետևանքով մարդկանց մոտ փսխում ու փորլուծ են առաջանում: Այս առնչությամբ մասնագետն ասում է, որ դա վիրուսային ծագման ստամոքսաղիքային ուղու ախտահարումներ են: «Դրանք վիրուսներ են, որ ախտահարում են աղիների էպիթելը, որն էլ ուղեկցվում է փորլուծով, փսխումով, որովայնի ցավերով: Այս իրավիճակներում բժիշկները պետք է գնահատեն հիվանդի վիճակը անկախ հարուցիչից ու բուժօգնություն տրամադրեն»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am