Հազարամյակի մարտահրավեր. Սերժ Սարգսյանն ասել է, թե ծրագրերը կշարունակվեն իրագործվել «այլ միջոցներով»

Հազարամյակի մարտահրավեր. Սերժ Սարգսյանն ասել է, թե ծրագրերը կշարունակվեն իրագործվել «այլ միջոցներով»
Հազարամյակի մարտահրավեր. Սերժ Սարգսյանն ասել է, թե ծրագրերը կշարունակվեն իրագործվել «այլ միջոցներով»

Այսօր Սերժ Սարգսյանը Հայաստան ժամանած «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է թե այն ծրագրերը, որոնք հնարավոր չեղավ իրականացնել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» (ՀՄԿ)  շրջանակներում,  կիրագործվեն այլ միջոցներով:

Յոհաննեսը Հայաստան է ժամանել երկրում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու համար, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հայտարարեց, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիային` նոր ծրագրի համար:

«Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,- Յոհաննեսի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Թե ի՞նչ միջոցներով են իրականացնելու ծրագրի շարունակականությունը, դեռեւս հայտնի չէ, սակայն, քիչ հավանական է համարվում, որ ամերիկյան կողմը հետ կկանգնի իր որոշումից, որի մասին հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Ապրիլի 15-ին դեսպան Յովանովիչը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2006-ի սեպտեմբերին եւ ավարտվելու է այս սեպտեմբերին: Ըստ 2006-ի կնքված համաձայնագրի` կորպորացիան գյուղական ոլորտը բարելավելու եւ աղքատությունը կրճատելու նպատակով ոռոգման ցանցերի վերականգնման եւ գյուղական ճանապարհների վերանորոգման ենթածրագրերի համար պետք է տրամադրեր 235,6 մլն դոլար:

Երկրի կողմից ժողովրդավարական մի շարք ցուցիչներով` մամուլի ազատություն, ժողովրդավարական կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, անհրաժեշտ առաջընթաց չապահովելու դեպքում ՀՄԿ-ն իրավունք ուներ կասեցնելու կամ դադարեցնելու ծրագիրն ամբողջությամբ կամ առանձին ենթածրագրեր:

Դեռևս 2008-ի մարտի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի այն ժամանակվա գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, նամակով դիմել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում գրել էր, թե «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:

Նամակում Դանիլովիչը նաեւ պաշտոնապես զգուշացրել էր, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

Երկրորդ «նախազգուշացումը» տեղի ունեցավ 2009-ին, երբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորման հաշվին, որով պետք է վերականգնվեր շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ, ծրագիրը կրճատվեց շուրջ 68 միլիոն դոլարով:

«Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաեւ պետք է խթան լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում»,- իր հարցազրույցում ասել էր դեսպանը:

Սերժ Սարգսյանը, սակայն, ՀՄԿ նոր գործադիր տնօրենի հետ հանդիպմանն ասել էր, թե ինքը եւ կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ դրանց նկատմամբ հասարակական լավ ընկալում կա:

 

Քրիստինե Խանումյան

© Medialab.am