Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին հիշեցրել է

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին հիշեցրել է
Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին հիշեցրել է

Մայիսի 11-ին , ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:

Ինչպես տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից, «հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով»:

 

«Այս համատեքստում հիշատակվել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյուքները չեն ընդունվել եւ ընդունվում ՀԱԿ-ի եւ հասարակության կողմից: Պրն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարներից բիզնեսների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո եւ, փաստորեն անտեսվեցին Եվրոպայի կողմից»,- տեղեկացնում են Կոնգրեսից:

Ըստ հաղորդագրության, այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շյոնը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

© Medialab