«Մեկ տարուց ավելի է, որ հրապարակավ պնդում եմ իրավապահ համակարգում գոյություն ունեցող փնթիության մասին». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Ն․ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ ընթացող պայքարին, ըստ էության արձանագրելով, որ մեծ ձախողումներ են եղել, և ժողովրդի ակնկալիքներն այլ են, ուստի անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

Արդեն մեկ տարուց ավելի է, որ հրապարակավ պնդում եմ իրավապահ համակարգում գոյություն ունեցող փնթիության, մակերեսային և իներցիոն գործունեության մասին՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ուղղակի սաբոտաժ։

Մինչև օրս չկա որևէ հայտնի գեթ մեկ կոռուպցիոներ, որի վերաբերյալ առկա լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ թեկուզ հրապարակված դատավճիռ։

Փոխարենը տեսնում ենք օրեցօր լեզուները երկարացնող տարբեր ռանգի սուբյեկտների, ովքեր տարիներ շարունակ ուղղակի խաթարել ու արգելակել են մեր պետության բնականոն գործունեությունը, ովքեր մխրճված են եղել տարբեր տեսակի կոռուպցիոն սխեմաների մեջ՝ սկսած քաղաքական կոռուպցիայից, վերջացրած տնտեսական կոռուպցիայով։

Եթե իսկապես կառավարությունում այսպիսի տրամադրվածություն է գերիշխում, ուրեմն դրան պետք է հետևեն կոնկրետ, տեսանելի և չափելի արդյունքներ։

Առաջիկա օրերի ընթացքում ավելի հանգամանալից և ռազմավարական մակարդակում ներկայացնելու եմ իմ պատկերացումները կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի վերաբերյալ՝ այն հստակ համոզմամբ, որ այս չարքիը պետք է արմատախիլ արվի մեր երկրից․․․»