Ազատություն քաղբանտարկյալներին. ճնշումներ, քաղաքական որոշո՞ւմ, թե՞ պարտավորություններ

Երկուշաբթի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել ընդդիմության հերթական ակտիվիստ, քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանը:
Գաբրիելյանը արդեն երրորդ քաղբանտարկյալն է, ով ազատ է արձակվել այս ժամանակահատվածում. մինչ այդ հոկտեմբերի 29-ին ազատ էր արձակվել վանաձորցի նկարիչ, քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, նոյեմբերի 24-ին` ՔԿՀ վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:
Մի քանի իրավապաշտպաններ արդեն հայտարարել են, որ նման եղանակով շուտով ազատ կարձակվեն առնվազն ևս երկու քաղբանտարկյալներ:
Բոլոր բանտարկյալներն ազատ են արձակվել պատժի երկու երրորդը կրած լինելու հիմնավորմամբ: Ու թեև Հայաստանի իշխանությունները փորձում են չքաղաքականացնել իրենց այս քայլը և հղում են կատարում օրենքի պահանջներին, փորձագետներն ու ընդդիմադիրները վստահ են, որ այս որոշումը քաղաքական է, և որ տարատեսակ ճնշումների հետևանքով սկսվել է ընդդիմադիր ակտիվիստներին ազատ արձակելու երկրորդ փուլը:

Առաջին փուլը 2009-ի հունիսին էր, երբ հայտարարվեց համաներում, որի արդյունքում բանտերից ազատ արձակվեցին 33 քաղբանտարկյալներ:

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու առաջին փուլը համընկավ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով ընթացած ակտիվ քննարկումներին և այդ կառույցի ընդունած չորս բանաձևերին:

Երկրորդ փուլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ երկխոսության առիթով Բրյուսելում ընթացող քննարկումների ֆոնին, ինչը փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի իշխանությունները այս քայլին գնում են բացառապես ճնշումների ազդեցության տակ:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, շարունակում են պնդել, թե քաղաքական ճնշումներ չկան, քանի որ ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ չեն:

ԱԺ իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Մեդիալաբին» ասում է, թե այդ հարցում որևէ քաղաքական հիմքեր չի տեսնում և չի կարծում, թե ինչ-որ մեկը կարող էր ճնշել Հայաստանի իշխանություններին:

«Այդ մարդիկ ոչ թե քաղաքական բանտարկյալներ են, այլ հանցագործներ, որոնք դատապարտվել են քրեական հանցագործությունների համար: Նրանց հանդեպ կիրառվել էր համաներում, պատժաչափը կրճատվել էր, այժմ էլ լրացել է վաղաժամկետ ազատ արձակման համար անհրաժեշտ ժամանակը, նրանց ազատ են արձակել»,- ասում է Սահակյանը:

Իսկ այն, որ երեք հոգի ազատ են արձակվել գրեթե միաժամանակ, Սահակյանը բացատրում է նրանով, որ նրանք ձերբակալվելիս էլ միաժամանակ են ձերբակալվել:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, պնդում է, որ Հայաստանի իշխանություններն այս քայլին գնացել են բացառապես ներքին և արտաքին քաղաքական ճնշումների արդյունքում:

«Մեզ համար ամենաէականն այն է, որ տղաները դուրս են գալիս, նրանց ազատ արձակումը մեր գլխավոր խնդիրն է: Երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, այն ժամանակ մենք կխոսենք քրեական հանցագործների թեմայով»,- ասաց Մուսինյանը:

Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ևս պնդում է, որ ազատ արձակման հարցը բացառապես ճնշումների արդյունք է և ոչ թե վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի` օրենքով սահմանված կարգով կայացրած որոշում:

Որպես ՔԿՀ-ների հետ մշտապես առնչվող անձնավորություն` իրավապաշտպանն իր ասածները հիմնավորում է նրանով, որ բանտարկյալները Հայաստանում սովորաբար ամենաշատը բողոքում են հենց այդ հանձնաժողովի աշխատանքներից, որը, ըստ նրանց, նախ աշխատում է ոչ թափանցիկ, ոչ հստակ, և նաև նրա կայացրած որոշումները կանխատեսելի չեն:

«Ուստի բոլոր բացատրությունները, թե ժամկետը լրացել է, դրա համար էլ այդ մարդկանց ազատ են արձակել, անտրամաբանական են: Դրա համար կան ավելի շատ սուբյեկտիվ, քան օբյեկտիվ դրդապատճառներ: Միանշանակ է, որ այդ քայլը պետք է արվեր քաղաքական որոշման արդյունքում»,- ասում է Սաքունցը:

Իսկ այդ քաղաքական որոշումը, ըստ իրավապաշտպանի, պայմանավորված է արտաքին ճնշումներով, որոնք էլ իրենց հերթին` պայմանավորված են ներքին ճնշումներով:

«Կա հասարակական պահանջ, կա շարժում, որը չի կարող արձագանք չստանալ դրսում, ինչն էլ բերում է նրան, որ առաջանում են արտաքին ճնշումներ»,- ասում է Սաքունցը` հիշեցնելով, որ ընդամենը օրեր առաջ Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված հայտարարությունից վերջին պահին հանվել են կոշտ ձևակերպումները, ինչը Սաքունցին հիմք է տալիս կասկածելու, որ այդ քայլի դիմաց Հայաստանի իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու խոստում են տվել:

«Այնպես որ, մեծ հաշվով վիճակը շատ վատ է: Հրապարակումները, որ Հայաստանի իշխանությունները կապված են զենքի ապօրինի վաճառքի հետ, ուրանի հետ կապված պատմությունը, այսինքն` չկա մի տեղ և մի հարց, որտեղ իշխանությունները կարողանային հանդես գալ որպես լիիրավ իշխանություն: Նրանց գոյությունը ֆորմալ է, ինչն էլ սպառում է քաղբանտարկյալներին պահելու ռեսուրսը»,- ասում է Սաքունցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, սակայն, կարծում է, որ միանշանակ համոզված լինել, թե ի´նչն իշխանություններին դրդեց այդ քայլին, դժվար է.

«Այդ հարցով կարելի է միայն ենթադրություններ անել»,- ասում է նա:

Ներկայում մարտիմեկյան գործերով անազատության մեջ են ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը, ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Շմավոն Գալստյանը, Արա Հովհաննիսյանը, Ռոման Մնացականյանը, Ֆելիքս Գևորգյանը, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am