Շուշին՝ Ադրբեջանի զինված ուժերի թիրախում. Զաքիր Հասանովի պնդումն ու իրականությունը․ FIP.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ռեալ TV» հեռուստաալիքին հունիսի 26-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը Շուշին գրոհելու ժամանակ քաղաքը չեն հրետակոծել։

«Նախագահ Իլհամ Ալիևը հատուկ հանձնարարել էր հաշվի առնել այն, որ դա Ադրբեջանի մշակութային կենտրոնն է: Այդ պատճառով մենք հրետանային հարվածներ չէինք հասցնում»,- նշել է Հասանովը: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 44-օրյա պատերազմի ընթացքում հրապարակված նյութերը, ինչպես նաև այդ օրերին Շուշին այցելած լրագրողների վկայությունները՝ պարզելու, թե արդյո՞ք Հասանովի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Շուշիի թիրախավորումը պատերազմի ընթացքում

Սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ պատերազմի առաջին օրերին Շուշին չէր հրետակոծվում նույն ինտենսիվությամբ, ինչ Արցախի մյուս քաղաքները՝  Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: 

Սակայն ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմն ուժգին հարվածներ էր հասցնում քաղաքին՝ վնասելով ենթակառուցվածքներն ու շենքերը:

Մասնավորապես, հոկտեմբերի 4-ին ռմբակոծվել էր Շուշիի Մշակույթի տունը, ինչի հետևանքով 2017 թվականին բացված շենքը գրեթե փլատակների էր վերածվել։

FIP.am-ի լրագրողները լուսանկարել էին հրետակոծված շենքը:

Մշակույթի տունը ռմբակոծությունից հետոՄյուս հարվածն արդեն Շուշիի հայկական մշակության ժառանգության գլխավոր խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ էր: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին եկեղեցին, ինչի հետևանքով այն զգալիորեն վնասվել էր:

Սմերչի չպայթած հրթիռը Շուշի քաղաքի բնակելի շենքերի հարևանությամբ

Հոկտեմբերի 7-ին FIP.am-ի լրագրողները ֆիքսել էին, որ ռմբակոծությունից վնասվել էր նաև քաղաքի հիվանդանոցը:

Շուշիի վնասված հիվանդանոցը

Հրթիռներ էին ընկել նաև բնակելի տների բակերում:

Չպայթած հրթիռ բնակելի տան բակում
Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծությունից հետո

Պատերազմի երկրորդ կեսին արդեն քաղաքը ավելի ինտենսիվ է թիրախավորվում: Ադրբեջանական ուժերը ակնհայտորեն նպատակ էին հետապնդում ստիպել խաղաղ բնակիչներին հեռանալ քաղաքից, ինչի հետևանքով Շուշիի գրավումն ավելի դյուրին կլիներ:

Հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղում Շուշիից և հայտնում, որ ադրբեջանական ուժերը գտնվում են քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: 

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները Շուշի են այցելել նոյեմբերի 3-ին և 5-ին: Քաղաքն արդեն իսկ անճանաչելիորեն փոխվել էր: Շենքերի և շինությունների զգալի մասը վնասված էր: Քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, և մարդկանց համար անհնարին էր դարձել փողոցում գտնվելը:

Ռմբակոծության հետևանքները բնակելի շենքում

Զգալիորեն տուժել էր Ղազանչեցոցի դիմաց գտնվող բազմաբնակարան շենքը, ինչպես նաև եկեղեցու հարևանությամբ գտնվող դպրոցը: Ամեն տեղ հրետակոծության հետքեր էին: Նոյեմբերի 5-ին քաղաքում գտնվելն արդեն անհնարին էր, ադրբեջանական ուժերն արդեն գրեթե քաղաքում էին և անգամ ականանետով հրետակոծում էին քաղաքի կենտրոնը։

Նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից: Ժամեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Սակայն նրա գրառումից հետո ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Շուշին և Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Պատերազմից հետո FIP.am-ը պարզել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ավերել են նաև Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին: Գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե իրենք հրետանային հարվածներ չէին հասցնում Շուշի քաղաքին, մանիպուլյատիվ է, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ նոյեմբերի դրությամբ քաղաքը զգալիորեն վնասվել էր նրանց հարվածների հետևանքով:

Փաստերի ստուգման հարթակ