Հայաստանի մարզերում կվերականգնվի 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Հեղինակ MediaLab

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝  5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է  Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։

Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։  Նախագծերի վերջնական տարբերակները պատրաստելուց անմիջապես հետո կհայտարարվի շինարարության մրցույթների 2-րդ փուլը։