Մհեր Շահգելդյան. «Երկխոսության բովանդակային քննարկումը վիժեցնելու համար հիմքեր չկան»

Մհեր Շահգելդյան. «Երկխոսության բովանդակային քննարկումը վիժեցնելու համար հիմքեր չկան»
Մհեր Շահգելդյան. «Երկխոսության բովանդակային քննարկումը վիժեցնելու համար հիմքեր չկան»

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությանը` նշեց, թե «երկխոսության բովանդակային քննարկումը վիժեցնելու համար հիմքեր չկան»:

«Մենք կարեւորում ենք երկխոսությունը, եւ տրամաբանական մոտեցումն էլ ցույց է տալիս, որ այդ հիմքերը չկան»,- նշեց Շահգելդյանը:

Ինչ վերաբերվում է երկխոսության 4-րդ ռաունդում Կոնգրեսի կողմից ներկայացված փաստաթղթին, որով ընդդիմությունը հիմնավորում էր արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ապա ըստ Շահգելդյանի, իրենք ունենք իրենց «մոտեցումներն ու փաստարկները, որոնք կներակայացնեն»:

Հիշեցնենք, որ նախօրեին Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ, որի արդյունքում ձերբակալվել են ընդդիմության 7 երիտասարդ համակիրներ, Կոնգրեսը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «դատապարտելով այդ սադրանքը», ընդդիմությունը այն դիտարկել էր «որպես իշխանությունների արձագանք` երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը»:

«Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին եւ նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը»,- նշված էր Կոնգրեսի հայտարարության մեջ:

© Medialab.am