Արծվաբերդի մոտ տեղի ունեցած սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել

2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, ինչպես նաեւ նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձոր համայնքի եւս երկու բնակիչների, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է:

Դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ:

ՀՀ Քննչական կոմիտե