«Եթե Թուրքիան Հայաստանի շրջափակումը չի վերացրել, օդային ճանապարհով այդ ի՞նչ բեռներ պետք է տեղափոխվեն». Բագրատ Էստուկյան

Չնայած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում երկու երկրներից ինչ-ինչ ծրագրերի, նախաձեռնությունների մասին հնչող հայտարարություններին՝ Ստամբուլում գործունեություն իրականացնող հրապարակախոս Բագրատ Էստուկյանը վստահ է՝ հայ-թուրքական բանակցությունները սառել են:

«Եթե կհիշեք՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը առանց նախապայմանների սկզբունքով էր մեկնարկել: Իսկ հիմա նախապայման է դրվում, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի, «Զանգեզուրի միջանցք» բացի, արդյունքում՝ սառեց այս հաշտեցման գործընթացը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Ագոս» թերթի խմբագիր, հրապարակախոս Բագրատ Էստուկյանը:

Այս համատեքստում նա տարօրինակ է համարում թուրքական կողմի այն հայտարարությունը, թե վերացվել է Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը:

«Ինձ համար շատ անորոշ էր օդային բեռնափոխադրումների արգելքը հանելու մասին հայտարարությունը, որովհետև հայտնի չէ՝ այդ ի՞նչ բեռ պետք է փոխադրվեր»,- նշում է Էստուկյանը:

Բանն այն է, որ, ըստ հրապարակախոսի՝ Թուրքիան պաշտոնապես արգելել է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան, և մինչև հիմա այդ երկրի արտադրանքը Հայաստան է ներմուծվել Վրաստանից:

«Թուրքիայից դեպի Հայաստան բեռնափոխադրություններ կան, բայց դրանք ցամաքային ճանապարհով բեռնատար մեքենաների միջոցով տեղափոխվում են Վրաստան և հետո միայն այնտեղից տեղափոխվում են Հայաստան: Այսինքն՝ ուղիղ ճանապարհով թուրքական ապրանք մուտք չի կարող գործել Հայաստան: Պատճառը պարզ է՝ Թուրքիան 30 տարի ի վեր Հայաստանի հանդեպ շրջափակում է իրականացնում, այսինքն՝ Թուրքիայի որևէ ապրանքը Հայաստանում պաշտոնապես ծախելը արգելված է: Բայց հիմա եթե այդ արգելքը պաշտոնապես չի վերացվել, շրջափակումը չի վերացվել, օդային ճանապարհով այդ ի՞նչ բեռներ պետք է տեղափոխվեն, ի՞նչ կնշանակե օդային ճամփով բեռնափոխադրություն: Այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ անհիմն է»,- նշում է ծագումով հայ հրապարակախոսը:

Նրա խոսքով՝ նույնքան անհիմն է ցամաքային ճանապարհով երրորդ երկրների քաղաքացիներին հայ-թուրքական սահմանն անցնելու արգելքը վերացնելու մասին հայտարարությունը:

«Եթե Թուրքիայի կամ Հայաստանի քաղաքացին չպետք է անցնի իրենց անցագրերով, ապա էլ ո՞վ պետք է անցնի, սա ի՞նչ տրամաբանություն է: Բացի այդ, Ախուրյանի կամրջի խնդիր կա, որքա՞ն գործածելի է դա, որչափ անվտանգ ու ամուր է, տեխնիկական ստուգումներ պետք է կատարվեն, և խնդիրը ձգձգվում է Թուրքիայի կողմից»,- նշում է էստուկյանը:

Օրերս, թուրքական դիվանագիտական աղբյուրներին վկայակոչելով, լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացների հերթական հանդիպումն անցկացնել կամ Անկարայում, կամ Երևանում։

«Բայց անհասկանալի է՝ ի՞նչ պետք է խոսեն, ի՞նչ պետք է զարգացնեն: Թուրքական կողմն էր նաև շահագրգիռ, որ երկու երկրների միջև հաշտեցման գործընթաց սկսվի: Հիշենք՝ 44-օրյա պատերազմից հետո հայտարարվեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը եկել է, քանի որ վերացել է Արցախի հարցը: Այս բացատրությունով է, որ Թուրքիան ընթացք տվեց այս գործընթացին, նշանակվեցին բանագնացներ, ու սկսվեցին հանդիպումները: Սակայն հիմա ակտիվ գործընթաց չկա, իրավիճակն այլ է»,- նշում է Էստուկյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից արդեն 36 օր Լաչինի միջանցքը փակելու և Արցախը շրջափակման մեջ պահելու խնդրին՝ Բագրատ Էստուկյանը չի բացառում, որ այնտեղ բնապահպան ներկայացածները թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ լինեն.

«Մենք ոչ պաշտոնական տեղեկություններ լսեցինք, որ արգելափակման տարածքում բնապահպանների փոխարեն թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ կան, որոնք եկել են Թուրքիայից: Այս լուրը որչա՛փ հավաստի է՝ չգիտեմ, բայց բացառված չէ նման բան, քանի որ այդ կազմակերպությունը, բնականաբար, հայատյաց է, ու չի բացառվում, որ կամավոր գնացել են այնտեղ»:

Այնուհետև հավելում է. «Ի՞նչ իմաստ ունի այդ ռուսական զորքը, եթե Լաչինի միջանցքը, որը նրանց պահպանության ներքո է, չի գործում, Հայաստանի ու Արցախի կապը խզված է: Բայց այդ ամենը ոչ թե այնտեղի ռուս զինվորների անճարության հետևանք է, այլ պետությունների սակարկությունների հետևանքն է: Պուտինը եթե չհանդուրժեր, Լաչինի միջանցքը չէին կարող փակել, ուրեմն ուրիշ խաղացողներ կան այս բեմադրության մեջ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am