Առաջարկների և պահանջների փաթեթ պաշտպանության նախարարությանը

Առաջարկների և պահանջների փաթեթ պաշտպանության նախարարությանը
Առաջարկների և պահանջների փաթեթ պաշտպանության նախարարությանը

«Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանից հետո մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը առաջարկների փաթեթ է հրապարակել, որն առաջարկում է ներկայացնել պաշտպանության նախարարությանը:
«Մեդիալաբի» հետ զրույցում Սաքունցը նշեց, որ ինքը պահանջում է ՊՆ-ից հրապարակել մի շարք տեղեկություններ, որից հետո, նրա խոսքով, արդեն պարզ կլինի` արդյո՞ք ՊՆ-ը անկեղծ ցանկություն ունի՞ աշխատելու, թե՞ ոչ:

«Անկախ նրանից, թե հանդիպումն ո´ւմ հետ կլինի` նախարարի թե տեղակալի, թե ցածր աստիճանի պաշտոնյայի, մենք պետք է նախ պահանջենք հրապարակել մի շարք տեղեկություններ.

ա) բոլոր պաշտոնատար անձանց որդիների ծառայության մասին

բ) պաշտպանության բնագավառում բարձրաստիճան սպաների անձնական գույքի հայտարագրերը

գ) ՊՆ-ին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող, պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցուցակը

դ) անկախ պատճառներից և հանգամանքներից` 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի մեկը մահացած, անհետ կորած և առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների ցուցակը` անուն-ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհետ կորելու, խեղվելու հանգամանքների և պատճառների մասին տվյալներով»,- մասնավորապես տեղեկացնում է իրավապաշտպանը:

Սաքունցն առաջարկում է նաև պահանջել տեղեկատվություն այլ երկրներում ռազմական հաստատություններում ուսման ուղարկված սպաների ցուցակի մասին և այն մասին, թե նրանցից քանի՞սն են ներկայումս շարունակում ծառայությունը, ինչպես նաև տեղեկություն, թե դատարանի կողմից դատապարտված, պատիժը կրած քանի՞ սպա է ներկայումս ծառայում զինված ուժերում:

Իրավապաշտպանը նաև պահանջում է ՊՆ-ից սպանությունների, կանոնադրական կանոնների խախտման, այլ զինվորական հանցագործությունների կատարման մեջ պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցուցակը` ըստ պաշտոնի, պատասխանատվության կամ պատժի տեսակի, ներկայումս նրա կարգավիճակի և այլն:

«Առանց այս տեղեկատվական պահաջների բավարարման, չենք կարող վստահություն ունենալ, թե ՊՆ-ն պատրաստ է կամ ցանկանում է որևէ փոփոխություն իրականացնել: Ի դեպ, ես չեմ կարևորում, թե ում հետ կլինի հանդիպումը, կարևորն այն է, որ մեր պահանջները, այդ թվում` տեղեկատվական, եղել են և լինելու են միայն հրապարակային, նաև մեր ցանկացած հանդիպում, ակցիա կամ գործողություն»,- նշում է Սաքունցը:

Իրավապաշտպանն առաջարկում է ՊՆ-ին ներկայացնել կոնկրետ առաջարկությունների փաթեթ: Ըստ այդմ` իրավապաշտպանը, ինչպես տեղեկացրել ենք նախապես, առաջարկում է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրում, մահացության դեպքերի հետ կապված ծառայողական քննության նյութերի պարտադիր հրապարակում, ներքին կանոնադրական հարաբերությունների մասին ներկա օրենքի նախագծի հանումը շրջանառությունից և նոր, ԵԱՀԿ-ի չափորոշիչներին համապատասխանող նախագծի կազմում` անկախ փորձագետների, այդ թվում` միջազգային և ՀԿ-ների մասնակցությամբ:

Սաքունցը նաև առաջարկում է լուծարել ՊՆ-ի քննչական բաժինը և բոլոր զինվորական հանցագործությունների նախաքննությունը հանձնել հատուկ քննչական ծառայությանը: Բացի այդ, ամեն տարվա ավարտից հետո, ՊՆ-ի կողմից զինված ուժերում կանոնադրական խախտումների, դեպքերի և դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ հաշվետվության ներկայացումը ԱԺ-ին և հասարակությանը, սպանության, մահացության դեպքերի ուղղությամբ նախաքննության ընթացքի վերաբերյալ պարտադիր տեղեկատվության ներկայացում հանրությանը և բարձրաստիճան զինվորական սպաների եկամուտների, ձեռք բերված գույքի մասին հայտարարագրերի հրապարակում:

© Medialab.am