«Կանաչ դպրոց» նաեւ Հայաստանում

«Կանաչ դպրոց» նաեւ Հայաստանում
«Կանաչ դպրոց» նաեւ Հայաստանում

Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ/հաշվետու միջոցառումը:

Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացրեցին մեկ շաբաթվա ընթացքում ճամբարում ձեռք բերած գիտելիքները և ցուցադրեցին, թե դրանք ինչպես կարելի է կիրառել գործնականում:

«Կանաչ դպրոց» նախագիծը ներկայացվեց 5 տարբեր` ինֆորմացիոն, թափոնարվեստի, պարի, լուսանկարչության և էկոտաղավարում: Ձմեռային ճամբարը «Կանաչ դպրոց» նախագծի հիմնական ծրագրերից մեկն է, որին մասնակցում են նախագծին անդամակցող դպրոցների 30 ամենաակտիվ սաները: Այն մեկնարկել էր փետրվարի 25-ին և շարունակվեց մինչև մարտի 2-ը:

FPWC-ի «Կանաչ դպրոց» ծրագիրն իրականացվում է համանուն միջազգային ծրագրի մոդելով:

«Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27.000 դպրոցի 6 մլն աշակերտ և 400 հազար ուսուցիչ: «Կանաչ դպրոցի» հիմնական նպատակը աշակերտների շրջանում շրջակա միջավայրի և մշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն սերմանելն է:

«Այստեղ հավաքվել են նախագծի մասնակից դպրոցների ամենաակտիվ երեխաները: Համոզված ենք, որ նրանք, դառնալով «Կանաչ դպրոցի» գաղափարախոսության կրողը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը կտարածեն նաեւ իրենց տարեկիցների, ընկերների շրջանում:

Նախագծի կազմակերպիչներն ու աջակիցները լիահույս են, որ այս պատանիները ապագայում կարող են դառնալ մեր երկրում կանաչ շարժման ակտիվիստներն ու խթանող ուժը»,- նշեց FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյան: Նախագծի փորձնական փուլը հաջողությամբ իրականացվել է 2010-ին` Վանաձորի թիվ 10  դպրոցում: Նախագծի այս փուլին մասնակցել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ուրծաձորի, Գողթի, Նորատուսի թիվ 2 և թիվ 3 միջնակարգ դպրոցների սաները: Հայաստանում նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է նաև հիմնադրամի հիմնական գործընկեր, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Մենք համոզված ենք, «Կանաչ դպրոցը» ճանապարհ է դեպի կանաչ հասարակություն:

Բնապահպանական խնդիրների մասին իրազեկված երեխաները մեծ դեր ունեն այդ խնդիրների լուծման գործում: Այդ գիտելիքները ժամանակի ընթացքում արտացոլվում են փոքրիկների առօրյայում. նրանք սկսում են ավելի մաքուր պահել շրջակա միջավայրը, խնայել ռեսուրսները, նվազեցնել թափոնների քանակը: Մեծանալով` այդ փոքրիները նույն սկզբունքներն են կիրառում նաև իրենց աշխատանքում»,- նշում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարի օգնական Արմինե Տեր-Ղևոնդյանը:

© Medialab.am