Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահը կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի և պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և հայրենիքի միջև, և իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը: Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին-առանձին և բոլորիս համար միասին: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր ներածական խոսքում, այնուհետ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և մի շարք այլ հարցերի:

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:

Բրյուսելում այսօր քիչ առաջ ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Արդեն մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստը: Օրվա ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: Հանրապետության ղեկավարն այսօր ելույթ կունենա նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

© Medialab.am