Մեր ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է. Փաշինյան

ՀՀ կառավարության ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե տեքստիլ արտադրության գործունեության թույլատրումից հետո ինչպես է ապահովվելու աշխատակիցների անվտանգությունը կորոնավիրուսի տարածումից։

«Մենք, այսօրվա դրությամբ, ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Մենք ուզում ենք, որ հաջողված ձեռնարկությունների փորձը կիսենք մյուս ձեռնարկությունների հետ։ Հիմա պարետատան ու նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք այդ ընկերություններին։

Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90%–ով երաշխավորենք, որ վիրուսն արտադրական տարածք չմտնի։ Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել այս վիճակը, մենք չենք կարող մեկ տարով փակվել»,- ասաց Փաշինյանը։