Նորաշենում քաղաքացին, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, հուղարկավորության է մասնակցել և գրկախառնվել հարազատների հետ. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արարատի մարզի Նորաշեն համայնքում գրանցված կորոնավիրուսի դեպքին:

«Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որը տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե, նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ:

Իհարկե, ոստիկանի ու մասնագետի ուղեկցությամբ է նաև գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ շատ հուզիչ պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների ու հորդորների, չեն պահել պայամանները, այսինքն՝ հարզատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ յուրաքանչյուր քաղաքացի անձնական բարձր պատասխանատվություն պետք է դրևորի, որպեսզի համաճարակի բռնկումներ չունենանք: Պետք է նաև արարքի բարոյական հետևանքների մասին մտածել: